ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 24-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, նաև նախարարության ու ՄԱԶԾ-ի ներկայացուցիչները։
Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ ՄԱԶԾ-ի հետ գործակցությունն ընթանում է շատ արդյունավետ և հույս հայտնել, որ այսուհետ ևս համատեղ ծրագրերը կշարունակվեն։
Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ձևավորված գործընկերությունը՝ Նաթիա Նացվլիշվիլին ընդգծել է, որ այդ համագործակցությունը կարևոր է Հայաստանում իրականացվող ծրագրերի բարեհաջող ընթացքի համար։
Անդրադառնալով ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական հատվածի հիմնական դրույթներին՝ կողմերը համակարծիք էին, որ ՄԱԶԾ աջակցությամբ ընթացիկ և նախատեսվող ծրագրերը պետք է համահունչ լինեն Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանը։
Ընդգծելով «կանաչ» տնտեսության դերը որպես կայուն տնտեսության ապահովման կարևոր բաղադրիչ՝ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում կանաչ տնտեսության ձևավորման հարցերին։ Այս համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից կանաչ տնտեսության զարգացման ռազմավարության մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Նախարար Վահան Քերոբյանը նաև տեղեկացրել է, որ ներկայումս նախարարությունն իրականացնում է աշխատանքներ հանրային ներդրումային ծրագրերի ինտեգրված թվային համակարգի ստեղծման ուղղությամբ։
Քննարկվել են նաև գյուղական համայնքներում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները։
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը և համատեղ նոր ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացումը։