Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Աննիկա Նորդին Ջայավարդենային և տնտեսական/առևտրային հարցերով պատասխանատու Դավիթ Դիլանյանին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի մարզերում համագործակցության և աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը՝ շեշտադրելով հատկապես մակրո, փոքր և միջին ձեռնարկությունների կարողությունների զարգացման աջակցությունը և որպես թիրախ դիտարկելով կին ձեռներեցներին և կանանց ներգրավվածությամբ ձեռնարկություններին, ինչպես նաև սահմանամերձ տարածքներում գործունեություն ծավալողներին։
Անդրադարձ է կատարվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանում կատարած ներդրումներին, ինչպես նաև Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանն ուղղված ծրագրերին։
Ռաֆայել Գևորգյանն ընդգծել է տեքստիլ արդյունաբերության ոլորտում զարգացող մեծ ներուժը և Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը՝ խթանելու արդյունաբերության ոլորտը և ուղղորդելու աշխատատեղերի ստեղծմանը։
Այս համատեքստում կարևորվել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնց միջոցով կանանյք և երիտասարդները կկարողանան օգտվել տնտեսական հնարավորություններից։
Կողմերը դիտարկել են Հայաստանում արդյունավետ հանրային ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի իրականացման նպատակով Շվեդիայի հետ համագործակցության հնարավորությունը՝ փորձի փոխանակման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համատեքստում։
Մտքեր են փոխանակվել նաև ենթակառուցվածքային ծրագրերում շվեդական ընկերությունների մասնակցության և համապատասխան փորձի փոխանակման հնարավորության հարցի շուրջ։
Հանդիպման ավարտին Ռաֆայել Գեվորգյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և կարևորել համատեղ նոր ծրագրերի ուղղությամբ աշխատանքների իրականացումը։