Երևանում կայացել է «Գիտության և գործարարության օրեր-2022» համաժողովը

16 Հունիսի, 2022

Հունիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է  «Գիտության և գործարարության օրեր-2022» համաժողովը, որը առանցքային միջոցառումն էր  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո հունիսի 13-17-ը Երևանում կազմակերպված «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման:

«Գիտության և գործարարության օրեր-2022» համաժողովի հիմնական բանախոսն էր Վահան Քերոբյանի անձնական հրավերով Հայաստանում գտնվող մոլեկուլային կենսաբան, նյարդաբան, բժշկագիտության 2021 թ.Նոբելյան մրցանակակիր, Scripps Research ինստիտուտի պրոֆեսոր Արդեմ Փաթափությանը։

Համաժողովին մասնակցել են նաև համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի այլ գիտնականներ, մասնավորապես` Ռուսական տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը, սոցիոլոգ, հրապարակախոս, Աբու-Դաբիի Նյույորքյան համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը, Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր, STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը, Krisp ընկերության համահիմնադիր և տնօրեն Դավիթ Բաղդասարյանը, «Սինոփսիս Հայաստան» ընկերության նախագահ, «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ Երվանդ Զորյանը, ինչպես նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր ու տնօրեն Մարի Լու Փափազյանը և ուրիշներ։

Միջոցառմանը ներկա են եղել Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, պետական և միջազգային կառույցների, գործարար և գիտական համայնքի, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Վահան Քերոբյանն իր ողջույնի խոսքում ասել է․ «Ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել արհեստավարժ մասնագետների հետ այսօր քննարկելու թերևս ամենապահանջված, ամենախորքային, ամենահեռանկարային թեմաները։ Համոզված եմ, որ «Գործարարության և գիտության օրեր-2022» միջոցառումը լուրջ խթան կհանդիսանա բիզնեսի և գիտության փոխգործակցության զարգացման, գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտման, նոր նախաձեռնությունների քննարկման և իրականացման համար»։

Այնուհետև տեղի են ունեցել պանելային քննարկումներ։

«Գիտության և բիզնեսի եզրին՝ Հայաստանը որպես խաչմերուկ» թեմայով պանելային քննարկման մոդերատորը նախարար Վահան Քերոբյանն էր։ Քննարկման մասնակիցներն էին Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Գեորգի Դերլուգյանը, Դավիթ Բաղդասարյանը,  Երվանդ Զորյանը, Նոյմեդ ընկերության գլխավոր գիտաշխատող Անի Մարկոսյանը։

Ռուբեն Ենիկոլոպովը հանդես է եկել «Թվային տնտեսության խոստումն ու վտանգը» թեմայով ելույթով, Գարիկ Իսրայելյանը՝ «Անհայտ Սթիվեն Հոքինգ. Քեմբրիջից Սթարմուս» թեմայով, Մարի Լու Փափազյանը՝ «Պետք է անենք ամենը, որպեսզի նոր սերունդը հաջողի» թեմայով։

Իրենց ելույթներում բանախոսներն անդրադարձել են թվային տնտեսությանը, տնտեսության հզորացման գործում գիտության դերին, նոր սերնդի կրթության և հաջողության հասնելու հնարավորություններին, որից հետո պատասխանել են  համաժողովի մասնակիցների հարցերին։

Միջոցառման երկրորդ հատվածում Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր  Արմեն Խերլոպյանը Արդեմ Փաթափությանի հետ վարել է պանելային քննարկում՝ «Ինչպես է գիտությունն ուժեղացնում տնտեսությունը» թեմայով։ Հայազգի Նոբելյան մրցանակակիրը ներկայացրել է իր հայտնագործության մանրամասները, կիսվել իր փորձով, նաև պատասխանել համաժողովի մասնակիցների հարցերին։  

«Հայաստանում հիանալի ընդունելության արժանացա, այդ թվում՝ գիտնականների կողմից, հանդիպեցի շատ խելացի մարդականց, երիտասարդների։ Այդպիսի շփումը պատիվ եմ համարում։ Դա ցույց է տալիս, թե ինչին է Հայաստանը կարևորություն տալիս։ Եթե ​​ես կարողանամ օրինակ դառնալ երիտասարդ գիտնականների համար, դա կլինի իմ ամենամեծ ձեռքբերումը», - ասաց  Արդեմ Փաթափությանն իր խոսքում:

Նա հավելել է, որ, որպես հայկական ծագմամբ առաջին Նոբելյան մրցանակիր, ցանկանում է, որ հայ երիտասարդությունը հետաքրքրություն ունենա գիտության նկատմամբ։  Հաջողության հասնելու համար նա կարևորել է հանրային և մասնավոր սեկտորների համագործակցությունը և նշել, որ Հայաստանի նման փոքր երկիրը պետք է կենտրոնանա այն ոլորտներում, որտեղ կարող է գերազանցել մյուսներին համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ «Ես կարծում եմ, որ սա տեղի է ունենում, կա ներդրումների աճ գիտության ոլորտում, և կա մեծ հետաքրքրություն յուրաքանչյուրին, հայկական սփյուռքին ներգրավելու այս գործընթացում՝ սկսած ակադեմիական ոլորտից մինչև արդյունաբերություն, և ես կարծում եմ՝ դա ճիշտ ուղղություն է», - ասել է Արդեմ Փաթափությանը։

Համաժողովի ավարտին նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել եզրափակիչ ելույթով, որում նույնպես կարևորել է գիտության դերը որպես առանցքային գործոն երկրի շարունակական զարգացումն ու տնտեսական հաջողություններն ապահովելու համար։

«Մենք, իսկապես, ցանկանում ենք ցույց տալ, որ գիտությունը շատ կարևոր է մեզ համար։ Ձեր օրինակով, պարոն Փաթափության, ցույց տալ երիտասարդներին, թե ինչ ճանապարհ է նախընտրում կառավարությունը և այսօրվա Հայաստանի հասարակությունը։  Կարծում եմ, որ Ձեր՝ այս մի քանի օր Հայաստանում գտնվելը և միջոցառումներին մասնակցելը մեր հասարակությունում բացում է այն բջիջները, որոնց միջից պետք է դուրս գան նոր գիտնականներ, արվեն նոր գիտական հայտնություններ, ինչը թույլ կտա, որպեսզի մեր երկրի տնտեսությունը բեկումնային զարգացում ապրի։ Կարծում եմ, շատ հետաքրքիր օր ունեցանք։ Այս օրը մեզ առիթ տվեց մտածելու, վերաիմաստավորելու գիտության դերը մեր երկրի, հասարակության պատմության մեջ և երկրի տնտեսության մեջ։  Նման քննարկումները թույլ են տալիս, որպեսզի մեր երիտասարդները կարողանան անել ընտրություն՝ նախընտրելով գիտությունը որպես ամենալավ հնարավորություն», - ասել է Վահան Քերոբյանը և կարծիք հայտնել, որ նման համաժողովները պետք է դառնան օրինաչափություն։

«Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառման շրջանակում, բացի համաժողովից, տեղի են ունեցել նաև հանդիպումներ գործարար համայնքի հետ, բանախոսների ելույթներ Հայաստանի կրթական և գիտական հաստատություններում՝ ուսանողների, գիտաշխատողերի և ղեկավար կազմի մասնակցությամբ։

Միջոցառումը լուրջ խթան կհանդիսանա բիզնեսի և գիտության փոխգործակցության զարգացման, գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտման, ինչպես նաև դրանց շարունակական համագործակցության համար՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության հետագա առաջընթացի:

 

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00