Հունիսի 7-ին նախարարի տեղակալ Անի Իսպիրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել «Գագարին նախագծի» մանրամասները, ընթացիկ խնդիրներն ու առաջիկա ծրագրերը։
Գոհունակություն հայտնելով նման ձևաչափով հանդիպման կազմակերպման համար՝ Անի Իսպիրյանը կարևորել է ծրագրի իրականացումը՝ վստահ լինելով, որ այն կնպաստի համայնքի բնակչության կյանքի բարելավմանը և զբոսաշրջության զարգացմանը։
«Դար» հիմնադրամի մասնագետները ներկայացրել են «Գագարին նախագիծն» ըստ բաղադրիչների և ուղղությունների, ընդգծելով, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներդրումներ իրականացնել համայնքի զարգացմանն ուղղված մի շարք ուղղություններում։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել հանդիպումները՝ սերտ համագործակցության միջոցով ցանկալի արդյունքների հասնելու համար:
«Գագարին նախագիծն» ուղղված է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների համալիր զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Այն նպատակ ունի ձևավորելու կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ, որոնք կնպաստեն բնակիչների բարեկեցությանը և ստեղծագործականության բարձրացմանը։