ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիքսին Չենի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԶԲ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պաոլո Սպանտիգատին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանը, Նարեկ Տերյանը և Արմեն Արզումանյանը։
Ողջունելով հյուրերին` Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել պատրաստակամությունը շարունակել և ընդլայնել տնտեսության ոլորտում փոխգործակցությունը:
Այնուհետև Վահան Քերոբյանը հյուրերին համառոտ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ոլորտում իրականացվող քաղաքականությունը, նախատեսվող այն ծրագրերն ու նախաձեռնությունները, որտեղ ԱԶԲ-ն կարող է աջակցություն ցուցաբերել։ Այս համատեքստում նախարարը, մասնավորապես, նշել է «Գագարին նախագիծը», որն ուղղված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների համալիր զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։
Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի թվում, որտեղ նույնպես հնարավոր է ծավալել երկկողմ արդյունավետ համագործակցություն, Վահան Քերոբյանը մատնանշել է նաև Գյումրիում նախատեսվող արդյունաբերական պարկի կառուցումը։
Անդրադարձ է կատարվել նաև տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավմանը, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին, կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:
Հանդիպման ընթացքում Շիքսին Չենն ընդգծել է, որ ԱԶԲ-ն ակնկալում է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։
Ասիական Զարգացման Բանկը նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ի աջակցության հիմնական գործիքներն են` քաղաքականությունների մշակման շուրջ տարվող երկխոսությունները, վարկավորումը, կապիտալ միջոցների ներդրումները, երաշխիքները, դրամաշնորհները և տեխնիկական աջակցությունը: