Հունիսի 2-ին կայացել է Ալմաթի-Երևան առաջին թռիչքը: Ղազախական «FlyArystan» ավիաընկերության ինքնաթիռները շաբաթական երկու օր ուղիղ չվերթներ կիրականացնեն Ալմաթի-Երևան-Ալմաթի ուղղությամբ։ Առաջին չվերթով Հայաստան են ժամանել մի խումբ լրագրողներ, բլոգերներ։
Օդանավակայանում դիմավորման արարողությանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Ազումանյանը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, «FlyArystan» ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ հյուրեր։
Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Արմեն Արզումանյանը նշել է, որ տնտեսական հարաբերությունների զարգացման առումով կանոնավոր թռիչքները մեծ նշանակություն ունեն: «Հայաստանն ու Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության անդամներ են, բայց մենք ամբողջապես չենք օգտագործում մեր պոտենցիալը: Ակնկալում ենք գործարարների այցեր Հայաստան և բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացում, քանի որ զարգացման միտումներ կան»,- նշել է նա։
«Երևան-Ալմաթի ուղիղ չվերթերի մեկնարկը դրական ազդեցություն կունենա ինչպես երկրի զբոսաշրջության, այնպես էլ Ղազախստանի հետ տնտեսական համագործակցության ակտիվացմանը՝ հատկապես, որ երկու երկրների գործարար կապերը զարգացման մեծ պոտենցիալ ունեն»,-ավելացրել է Արմեն Արզումանյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը կարևորել է այս իրադարձությունը՝ նկատելով՝ չվերթերը կարող են դրական անդրադառնալ ինչպես զբոսաշրջության, այնպես էլ Ղազախստանի հետ ապրանքաշրջանառության ավելացման վրա։
«Այս չվերթի բացումը մեծ նշանակություն ունի մեր բազմոլորտ համագործակցության համար՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութահումանիտար ոլորտներում, ինչպես նաև զբոսաշրջության զարգացման համար»,-նշել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը։