ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 21-ին մասնակցել է Skill ընկերության նախաձեռնությամբ իրականացվող Երևան Թեք Ֆորում 2022 (Yerevan Tech Forum 2022) միջոցառմանը։
Համաժողովը համախմբել է Հայաստանից և արտերկրից առավել քան 1000 մասնակիցներ, 25-ից ավելի խոսնակներ և 30-ից ավելի ընկերություններ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ելույթում անդրադարձել է այն քայլերին, որոնք ձեռնարկում է պետությունը, որպեսզի Երևանը դառնա նոր տեխնոլոգիական կլաստեր։
«Վերջին երեք ամսվա ընթացքում աշխատանք ենք կատարել, որպեսզի հասկանանք, թե որն է մեր առաջարկը տեխնոլոգիական աշխարհին։ Մեր առաջարկն է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն, որտեղից մարդիկ կարող են սկսել իրենց բիզնեսը կամ կաշխատեն աշխարհի համար»,- իր խոսքում նշել է նախարարը։
Երևան Թեք Ֆորում 2022-ի ընթացքում կայացել են քննարկումներ և ելույթներ «Տեխնոլոգիաները փոփոխվող աշխարհում. մարտահրավերներ և հնարավորություններ», «Թվային պետություն և թվային իշխանություն», «Երևանը՝ որպես նոր տեխնոլոգիական կլաստերի մայրաքաղաք», «Թվային փոխակերպումը մատակարարման շղթայում» «Կորպորատիվ կառավարումն անընդհատ փոփոխվող միջավայրում» և մի շարք այլ թեմաներով։