Մայիսի 16-ին Երևանում կայացել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC2) շրջանակում Հայաստանում դրամաշնորհային ծրագրերի իրականացմանը նվիրված աշխատաժողով-ցուցահանդես։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Տիգրան Գաբրիելյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, CARMAC2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը, ծրագրի շահառու ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի այլ պատասխանատուներ։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող CARMAC2 ծրագրի ընթացիկ արդյունքներն ու առաջիկայում նախատեսվող աշխատանքները։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին և հյուրերին՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդգծել է CARMAC2 ծրագրի բարեհաջող ընթացքն ու արդյունավետությունը, որի մասին վկայում են ոչ միայն հաշվետվությունները, այլև միջոցառման ընթացքում ծրագրի շահառուների կողմից ներկայացված բարձրորակ արտադրանքը։
Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման ընթացքում ՀՀ 8 մարզի 109 համայնքում/բնակավայրում հիմնադրվել են Արոտօգտագործողների միավորում սպառողական կոոպերատիվներ, կառուցվել է շուրջ 250 կմ ջրարբիացման ցանց, 235 խմոց, 46 փարախ և 42 հովվի կացարան։ Կոոպերատիվներին տրամադրվել է շուրջ 1000 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, որից 205 միավոր տրակտոր, 112 հավաքիչ մամլիչ և 683 այլ գործիք։ Իրականացված աշխատանքների արդյունքում շուրջ 130 հազար հեկտար չօգտագործվող կամ թերի օգտագործվող արոտավայրեր ջրարբիացվել են, բարեկարգվել են նաև արոտավայր տանող այն համայնքների ճանապարհները, որոնք անանցանելի են եղել։
«Ծրագիրը ներառում է նաև աջակցություն բիզնես ոլորտին, և ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 99 վերամշակող կազմակերպություններ հնարավորություն ունեցան ՀՀ կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհների տեսքով վերազինել իրենց արտադրական կարողությունները, բարելավել սանիտարահիգիենիկ պայմաններն ու սննդի անվտանգության պահանջները՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային պահանջներին», - ասել է Արման Խոջոյանը։
Ծրագիրը նաև նպաստել է սերմնարտադրության գիտահետազոտական կայանների ու լաբորատորիաների բարեկարգմանն ու բարելավմանըը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարողությունների զարգացմանը, ստեղծվել են անասնաբուժական սպասարկման կենտրոններ՝ նպատելով, որ հանրապետության մարզերում ծառայությունները դառնան ավելի հասանելի։
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ CARMAC2 ծրագրով հնարավոր է դարձել ապահովել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատող համայնքային անասնաբույժների պատվաստանյութերի պահպանման և տեղափոխման համար անհրաժեշտ սառցային շղթան։ Գյուղատնտական ծառայությունների կենտրոնը վերազինվել է սառնարանային սարքավորումներով, իսկ համայնքային անասնաբույժներին տրամադրվել են ավտոմատ ներարկիչներ, թերմոպայուսակներ, արտահագուստ և ռետինե կոշիկներ, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել նրանց աշխատանքն իրականացնել ավելի արագ ու արդյունավետ։
«Համաշխարհային բանկի աջակցությամբ CARMAC2 ծրագրի շրջանակում տրամադրվել է նաև 10 ամենագնաց մեքենա, որոնք ոչ միայն կբարձարցեն համաճարակաբանների մոբիլութունը վերահսկման առումով, այլև դրանով հնարավորություն կստեղծվի պատվաստումներն իրականացնել նաև հեռագնա արոտներում», - նշել է Տիգրան Գաբրիելյանը։
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը ընդգծել է ծրագրի կարևորությունը գյուղատնտեսական գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացման տեսանկյունից և նշել, որ Համաշխարհային բանկը հետագայում նպատակ ունի շարունակել իր աջակցությունը Հայաստանին։
Դավիթ Մեջլումյանն իր խոսքում նշել է, որ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը (CARMAC2) մեկնարկել է 2015 թվականին և այն նախատեսվում է ավարտել 2022 թվականի հոկտեմբերի վերջին։
CARMAC2 ծրագիրը ներառում է հետևյալ չորս բաղադրիչները՝ համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգեր, արժեշղթայի զարգացում, պետական կառույցների կարողությունների հզորացում, ծրագրի համակարգում և կառավարում։
Դավիթ Մեջլումյանը ներկայացրել է նաև ծրագրի բաղադրիչների շրջանակում առաջիկայում նախատեսվող աշխատանքները։ Մասնավորապես, ծրագրի առաջին բաղադրիչով Արագածոտնի, Գեղարքունիքի և Վայոց ձորի շուրջ 10 համայնքում նախատեսվում է ավարտին հասցնել ջրարբիացման համակարգերի կառուցումը։ Երկրորդ բաղադրիչով ծրագրի ավարտին նախատեսվում է բոլոր շահառուների համար կազմակերպել ցուցահանդես-վաճառք։ Երրորդ բաղադրիչի շրջանակում Լոռու մարզի Օձուն համայնքում ավարտին է մոտենում անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցումը, իսկ Շիրակի մարզի Աշոցք համայնքում շուտով կմեկնարկեն անասնաբուժական կենտրոնի կառուցման աշատանքները։ Այս բաղադրիչի շրջանակներում շուրջ 23 համայնքներում նախատեսվել ու արդեն ընթացքի մեջ է կենդանիների հավաքատեղիների կառուցումը, որոնք կծառայեն ինչպես համարակալման և հաշվառման, այնպես էլ պատվաստումների իրականացման համար։
Աշխատաժողովի ընացքում կազմակերպվել է նաև ցուցահանդես, որի ընթացքում մասնակցիները հնարավորություն են ունեցել տեսնել ու համտեսել CARMAC2 ծրագրի շահառու ընկերությունների արտադրանքը։