ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գյուղատնտեսության և պարենի բաժնի պետ Ֆրաուկե Յանգբլութը, գյուղատնտեսության ավագ մասնագետներ Պիեռ Գերբերը, Յան Յուստ Նեյհոֆը և Արուսյակ Ալավերդյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC2) ղեկավար Դավիթ Մեջլումյանը։
Հանդիպման նպատակն էր քննարկել CARMAC2 ծրագրի արդյունքներն ու գյուղատնտեսության ոլորտում Համաշխարհային բանկի հետ հետագա համագործակցության հեռանկարները։
Ողջունելով հյուրերին` Արման Խոջոյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին ծրագրի բարեհաջող իրականացմանն աջակցելու համար և նշել, որ CARMAC2 ծրագրի իրականացումը մեծապես նպաստել է մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ ձևավորված երկկողմ արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակվի և համատեղ ջանքերով կնախանշվեն համագործակցության նոր եզրեր, որոնցով կամրապնդվեն CARMAC2 ծրագրով գրանցված հաջողություններն՝ ի նպաստ գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման ապահովմանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀԲ առաքելության ներկայացուցիչները նշել են, որ Համաշխարհային բանկը հետաքրքրված է շարունակել գործակցությունը Հայատանի հետ գյուղատնտեսության ոլորտում և պատրաստ է դիտարկել համագործակցության հնարավորությունները այն ուղղություններով, որոնք համահունչ կլինեն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությանն ու ոլորտի զարգացման ռազմավարությանը։
Հանդիպման ընթացքում Արման Խոջոյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, որի իրականացման առաջիկա երեք տարիների գործողությունների պլանն ուղղված է գյուղատնտեսական արտադրանքի աճին, գյուղական բնակավայրերի զարգացմանը և համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի մրցունակության բարձրացմանը։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այսօր Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման հիմնական գրավականը ավանդական արտադրությունից անցումն է դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսություն։ Այդ համատեքստում նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է ներկայում Հայաստանի գյուղոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, որոնք միտված են երկրում ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը։
Անդրադառնալով գյուղատնտեսության ռազմավարության հիմնական դրույթներին՝ Արման Խոջոյանը նաև նշել է, որ ռազմավարության կարևոր նպատակներից է արտահանման դիվերսիֆիկացումը և մուտքը թե՛ եվրոպական, թե՛ մերձարևելյան նոր շուկաներ։
Հանդիպման ընթացքում ՀԲ առաքելության հետ քննարկվել են Հայաստանի պարենային անվտանգությանը, ջրային ռեսուրսների կառավարմանն ու արդյունավետ օգտագործմանը, կլիմայի փոփոություններին հարմարվողականությանը, դիմադրողականությանը և շրջակա միջավայրի կայունությանը վերաբերող հարցեր։
Առանձին անդրադարձ է կատարվել բեռնափոխադրումներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով լոգիստիկայի կազմակերպման այլընտրանքնային հնարավորությունների ստեղծմանը և լոգիստիկ ենթակառուցվածքների ապահովմանը։
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC2) հիմնական նպատակներն են բարելավել արոտավայրերի և անասնապահության համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը թիրախային համայնքներում և ապահովել ընտրված բարձրարժեք ագրոպարենային արժեշղթաներում արտադրվող և շուկայահանվող արտադրանքի ծավալների աճ:
Ծրագիրը ներառում է հետևյալ չորս բաղադրիչները՝ համայնքի արոտավայրերի և անասնապահության կառավարման համակարգեր, արժեշղթայի զարգացում, պետական կառույցների կարողությունների հզորացում, ծրագրի համակարգում և կառավարում։