ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 3-ին ընդունել է իտալական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների, որոնք ցանկանում են ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։
Ընկերությունների ներկայացուցիչները ընթացիկ տարվա փետրվարին, գտնվելով Հայաստանում՝ հանդիպում են ունեցել նախարար Վահան Քերոբյանի հետ, և այս՝ հերթական հանդիպումը նպատակ ուներ առավել առարկայական քննարկել նախանշված ծրագրերը։
Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, զարգացման տեմպերն ու միտումները՝ միաժամանակ ընդգծելով արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության ընդլայնման, նոր գործարար կապերի ստեղծման ու ամրապնդման, ինչպես նաև նոր ներդրումների ներգրավման կարևորությունը։
Այնուհետև հյուրերի հետ քննարկվել են ներդրումային ծրագրերի նախագծերը, որոնցից երկուսը վերաբերում են տավարաբուծության և խոզաբուծության ոլորտներին։ Նախատեսվում է նաև Հայաստանում կառուցել թառափի բուծարան և հիմնել բարձրորակ ձկնկիթի խոշոր արտադրություն, ինչպես նաև կազմակերպել հազարի «այսբերգ» տեսակի ջերմոցային արտադրություն։ Ծրագրերն իրականացվելու են նորագույն սարքավորումների ներդրմամբ և կիրառմամբ։
Կրկին ընդգծելով իրենց հետաքրքրվածությունը՝ Հայաստանում ծավալել արդյունավետ գործունեություն, իտալացի գործարարները նշել են, որ այս առաքելության նպատակն է հայկական կողմի հետ առավել հանգամանորեն քննարկել համագործակցության ձևաչափը, տեղեկանալ Հայաստանում գործող օրենսդրական դաշտի, պետական աջակցության գործիքակազմի և գործունեության իրականացման ընթացքում առաջացող հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունն աջակցել այս ծրագրերի շուտափույթ իրականացմանը: