ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ապրիլի 29-ին մասնակցել է Անասնաբույժի միջազգային օրվան նվիրված «Կենդանիների առողջությունը մեր առողջությունն է» խորագրով միջազգային համաժողովին։
Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, անասնաբուժության ոլորտի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Ողջունելով հյուրերին և շնորհավորելով ներկաներին Անասնաբույժի մասնագիտական տոնի առթիվ՝ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը շատ է կարևորում անասնաբուժության ոլորտի զարգացումն ու արդիականացումը և այդ համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հատկապես է մասնավոր անասնաբուժության ինստիտուտի ներդրմանը և այդ նպատակով նախարարությունը նախաձեռնել է փոփոխություններ «Անասնաբուժության մասին» օրենքում։
«Նախատեսվում են նաև օրենսդրական փոփոխություններ անասնաբույժների լիցենզավորման համակարգի ներդրման ուղղությամբ, որպեսզի միայն լիցենզավորված մասնավոր անասնաբույժներն իրավունք ունենան զբաղվել անասնաբուժությամբ։ Ըստ նրա՝ դա թույլ կտա վերահսկելի դարձնել կենդանիների բուժման համար տարբեր հակաբիոտիկների օգտագործումը, ինչն իր հերթին կնպաստի սննդամթերքի անվտանգության ապահովմանը», - հավելել է Տիգրան Գաբրիելյանը:
ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր խոսքում ընդգծել է անասնաբուժությունը որպես կարևոր մասնագիտություն հանրայնացնելու կարևորությունը և երիտասարդների շրջանում այս մասնագիտության վարկանիշի բարձրացման անհրաժեշտությունը։
Անասնաբուժության ոլորտի առաջնային խնդիրների թվում Գեորգի Ավետիսյանը մատնանշել է կենդանիների համարակալման և հաշվառման իրականացման, անասնաբույժի մասնագիտության գրավչության բարձրացման և դրա հանդեպ բնակչության մոտեցման փոփոխության կարևորությունը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշել է, որ կենդանիների առողջության մասին հոգածությունը հանրային առողջության պահպանման և երկրի տնտեսական զարգացման տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի, ուստի արվելու է հնարավորը մասնագիտությունն առավել գնահատելի, գրավիչ և եկամտաբեր դարձնելու համար։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև Հայաստանում Պարենի և գյուղատնտեսոքւթյան կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի ողջույնի տեսաուղերձը։
Համաժողովի ընթացքում հնչել են ելույթներ անասնաբուժության ոլորտի կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերի, ներկա խնդիրների, առկա մարտահրավերների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Միջոցառման ընթացքում Տիգրան Գաբրիելյանն ու Գեորգի Ավետիսյանը ոլորտի մի շարք երախտավորների հանձնել են շնորհակալագրեր՝ բարեխիղճ աշխատանքի և մասնագիտությանը նվիրվածության համար: