Ապրիլի 26-ին Սյունիքի մարզպետարանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Սյունիքի մարզպետարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Հուշագիրը ստորագրել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուն:
Հուշագրի նպատակն է ստեղծել համագործակցության շրջանակ շահագրգիռ կողմերի միջև՝ Սյունիքի մարզում դիմակայունության ամրապնդման նպատակով կլիմայի նկատմամբ զգայուն և տնտեսապես կայուն պարենային համակարգերում ներդրումների խթանման միջոցով: Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հնարավորություն կտա բարձրացնել փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների արտադրողականությունը և եկամտաբերությունը, բարելավել գյուղատնտեսական ենթակառուցվածքները՝ ավելացնելով գյուղատնտեսական արտադրանքի ներուժը, խոցելի բնակչության պարենային ապահովությունն ու սնուցումը, սնունդը սպառողին հասանելի դարձնել մատչելի գներով, ներդրումների միջոցով խթանել կանաչ տնտեսության աճը` կլիմայական զգայուն լուծումներով:
Պարենի համաշխարհային ծրագիրն ընդհանուր առմամբ նախատեսում է 3.8 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ներդրումներ կատարել Սյունիքի մարզում: Մինչ այժմ կազմակերպության կողմից մարզում իրականացվել է 18 ծրագիր, ևս 28-ը` ընթացքի մեջ են:
Սյունիքի մարզպետարանում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև՝ որպես շարունակական համագործակցության երաշխիք գյուղացիական տնտեսություններին աջակցության գործում և օժանդակություն Սյունիքի մարզում մեկնարկող սննդի արժեշղթաների ծրագրերին։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը կարևորել է փաստաթղթի կնքումն` ընդգծելով կիրառական հետազոտությունների և կրթության հնարավորությունները գյուղատնտեսական բարձր տեխնոլոգիական ուսումնական հաստատություններում և ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու տեսանկյունից, ինչպես նաև հնարավորությունը` փոքր տնտեսվարողներին` ՀԱԱՀ փորձագետների կողմից տրամադրվող խորհրդատվական և վերապատրաստման ծառայությունների միջոցով բարձրացնել արտադրողականությունը:
Սյունիքի մարզ կատարած երկօրյա այցի ընթացքում Արման Խոջոյանը մասնակցել է նաև Սյունիքի Կապան քաղաքում Պարենի համաշխարհային ծրագրի նոր գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը: