Գյուղապահովագրության համակարգի ներդրման պիլոտային ծրագիրը շարունակում է ընդլայնվել։ Այսուհետ ցանկացողները հնարավորություն կունենան հացահատիկային մշակաբույսերը (ցորեն, գարի, վարսակ) ապահովագրել նաև «երաշտ» ռիսկից։
Ապահովագրական այս պրոդուկտը հասանելի կլինի Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի տնտեսավարողների համար։ Պայմանագրերի վաճառքն արդեն մեկնարկել է և կշարունակվի մինչև մայիսի 31-ը, իսկ ապահովագրական գործակալությունների հետ կնքված պայմանագրերը ուժի մեջ կմտնեն հունիսի 1-ից։
Ծրագրում նոր ապահովագրական պրոդուկտի ներառումը հնարավոր է դարձել Ապահովագրությամբ դիմակայման ներդրումային հիմնադրամի (IIF) և «Սպայկա» ՍՊԸ-ի հետ համագործակցության շնորհիվ։
Ապրիլի 25-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ նախարարության և «Սպայկա» ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը։
Հուշագրի հիմնական նպատակն է նվազեցնել հայ ֆերմերների խոցելիությունը՝ պայմանավորված արտադրական ռիսկերով և երաշտի վտանգի հետևանքով առաջացող կորուստներով։
«Գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը ոլորտում իրականացվող կարևորագույն նախաձեռնություններից է, ու թեև գյուղապահովագրության ծրագիրը դեռևս գտնվում է պիլոտային փուլում, սակայն այն ռեֆորմային ծրագիր է։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին ծրագրում այս բաղադրիչն ընդգրկելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար», - ասել է Արման Խոջոյանը։
Կարեն Բաղդասարյանն իր հերթին նշել է հետևյալը․ «Գյուղատնտեսությունն առանց ապահովագրության չի կարող զարգանալ, և պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից հատկապես կարևոր է հացահատիկային մշակաբույսերի ապահովագրությունը»։
Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: «Երաշտ» ռիսկի դեպքում սուբսիդավորվում է ապահովագրավճարի 60 տոկոսը։
Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողները պետք է դիմեն ստորև նշված ապահովագրական ընկերություններից որևէ մեկին՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ, «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ: