Ապրիլի 23-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում կայացել է «Գագարին» ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը՝ ծրագրի հիմնադրույթներն ու առաջիկա անելիքները քննարկելու, ծրագրի շրջանակում նախատեսվող գործողությունների ժամկետները հստակեցնելու նպատակով։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարն է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Աշխատանքային խմբում ընգրկված են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Շրջակա միջավայրի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Քաղաքաշինության կոմիտեի, Գեղարքունքի մարզպետարանի, Սևանի համայնքապետարանի և «Դար» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի ներկայացուցիչներ։
Աշխատանքային խումբը ստեղծվել է Կառավարության կողմից ծրագիրն ուսումնասիրելու նպատակով, բոլոր առաջարկներն ու դիտողություններն ամփոփելուց հետո այն կներկայացվի Կառավարության հաստատմանը։
«Ծրագիրը բարդ է, կարիք ունի բոլորիս նվիրված աշխատանքի։ Այն, ինչ նախատեսվում է ծրագրով, հեղափոխություն է այս համայնքների բնակիչների համար։ Կառավարությունը, ստեղծելով այս աշխատանքային խումբը, արդեն ցույց է տվել իր դրական վերաբերմունքը այս ներդրումային ծրագրին», - նշել է Վահան Քերոբյանը։
«Գագարին նախագիծն» ուղղված է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղական համայնքների և Սևան համայնքի Գագարին բնակավայրն ընդգրկող տարածքների համալիր զարգացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը։ Այն նպատակ ունի ձևավորելու կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնքներ, որոնք կնպաստեն բնակիչների բարեկեցությանը և ստեղծագործականության բարձրացմանը։ Համախմբելով թիրախային համայնքների բնակիչների, շահառու կառույցների, տեղական ու միջազգային լավագույն մասնագիտական փորձագիտական խմբերի և համաներդրողների՝ նախագիծը կուրվագծի համայնքային զարգացման երկարաժամկետ կայուն մոդել, որը կնպաստի առկա մարդկային ներուժի բացահայտմանն ու ինքնադրսևորմանը։
Հիմնադրամի կրթական ծրագրերի խորհրդատու Աշոտ Բլեյանը կարևորել է 2021 թ․ հունիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԴԱՐ» տարածաշրջանային զարգացման և մրցունակության հիմնադրամի միջև ստորագրված Մտադրությունների մասին հուշագրի ստորագրումը, առանձնացրել է ծրագրի նպատակները։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև համայնքների, ճյուղային նախարարությունների և «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի» ներդրումային գործողությունների ներդաշնակեցումը։ Առաջարկվել է նաև կազմակերպել հանրային լսումներ 6 բնակավայրերի բնակիչների համար, որոնք ծրագրի գլխավոր շահառուն են։
Ծրագրի շրջանակում մինչև 2025 թվականը նախատեսվում է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով իրականացնել շուրջ 1․160 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր։
Մասնակիցները պայմանավորվել են երկու շաբաթ անց կազմակերպել աշխատանքային խմբի հաջորդ նիստը, որի ընթացքում կներկայացվի գործողությունների պլանը։