Մարտի 18-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։
Ողջունելով հյուրերին` Վահան Քերոբյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, շնորհակալություն հայտնել տարիների ընթացքում ձևավորված կառուցողական գործակցության համար և նշել, որ ԱԶԲ-ն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում իրականացված և իրականացվող մի շարք ծրագրերում:
Արիֆ Բահարուդինն, իր հերթին, նշել է, որ Հայաստանը Ասիական զարգացման բանկի այն գործընկերներից է, որն ունի տնտեսական զարգացման մեծ ներուժ և հնարավորություններ և հայտնել բանկի պատրաստակամությունը շարունակելու օժանդակությունն ու աջակցությունը Հայստանի իշխանություններին` օգնելով ամուր հիմքեր ապահովել տնտեսության ներառական, դիվերսիֆիկացված և փոխակերպվող աճի համար:
Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածը՝ նշելով ծրագրի առաջնահերթությունները, զարգացման հիմնական ուղղությունները, իրականացվող բարեփոխումները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ ունեցած ընթացիկ ծրագրերը: Շեշտելով իրականացվող ծրագրերի արդյունավետությունը` Վահան Քերոբյանը նշել է, որ դրանք կարևոր են նաև նրանով, որ ազդեցություն ունեն մարդկային կյանքի վրա և այն փոխում են դեպի լավը:
Այս համատեքստում նախարարն անդրադարձել է իրականացվող նոր ծրագրերին, որտեղ ԱԶԲ-ն կարող է օժանդակություն ցուցաբերել, իսկ փորձագետները՝ տրամադրել խորհրդատվություն։ Նախարարը տեղեկացրել է նաև Գյումրիում, Արարատում, Սյունիքում արդյունաբերական պարկերի ստեղծման նպատակով իարականցվող աշխատանքների մասին։
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերների, ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ: Այս համատեքստում կարևորվել է նոր շուկաներ փնտրելու և հայկական ընկերությունների ներկայացվածությունն աշխարհի շուկաներում ավելի ընդլայնելու անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաև հանրային ներդրումների կառավարման համակարգի իրավական դաշտի բարելավման, պետություն-մասնավոր համագործակցության, գյուղատնտեսության, կանաչ տնտեսության, մարդկային կապիտալի զարգացման հետ կապված հարցեր։
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է համագործակցության շրջանակի շարունակական ընդլայնումը: