Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակներում տեքստիլ ոլորտի ընկերություններ այցերը շարունակվում են։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այս անգամ այցելել է Շիրակի մարզի «Արթիկ ՓԿՀ» և «Չեխ-Արմ-Ինվեստ» ընկերություններ։
Նախարարի տեղակալը շրջել է ընկերությունների տարածքով, ծանոթացել արտադրատեսակներին, արտադրական և մասնագիտական ներուժին։ Ընկերությունների արտադրական գործընթացում գործարկվող նորագույն տեխնոլոգիաները և սարքավորումները հնարավորություն են տալիս տեղական արտադրողին ընդլայնել արտադրանքի տեսականին և բարելավել դրա որակական հատկանիշները։
Տեքստիլ արդյունաբերության ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում խոսվել է ոլորտի հիմնական խնդիրների մասին, որոնց թվում են նաև կադրերի ապահովումը և վերապատրաստումը։ Ռաֆայել Գևորգյանն այցելել է նաև Արթիկի պետական քոլեջ՝ ծանոթանալու կադրային ապահովման գործընթացին և քննարկելու այն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև ոլորտում որակյալ կադրերի պատրաստմանը նպաստելու հնարավորությունները։
«ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվարին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում: