Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին մասնակցել է Հայ գործարարների ասոցիացիայի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպված «Բուխտա Յուգ» մանրածախ և մեծածախ բազմապրոֆիլային առևտրի կենտրոնի շնորհանդեսին։ Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արշակ Ասլանյանը և Նարեկ Տերյանը։
Շնորհանդեսին ներկա էին նաև հայկական այն ընկերություները, որոնք ներկայացված են կամ մտադրություն ունեն դուրս գալ ռուսաստանյան շուկա։
«Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնի ստեղծման հիմնական նպատակը հայկական արտադրատեսակների արտահանման զարգացումն է։ Առևտրի կենտրոնը գտնվում է Մոսկվայի հարավային գլխավոր մայրուղիների և ծայրամասային երկաթգծերի հարևանությամբ։ Կենտրոնի պաշտոնական բացումը նախատեսվում է 2022 թվականի երկրորդ եռամսյակի վերջում։
Առևտրի կենտրոնում տեղակայված են լինելու շուրջ 1802 խանութներ և տաղավարներ, որտեղ կարող են ներկայացվել անմիջապես մատակարարներից տարատեսակ ապրանքներ՝ սննդամթերք, հագուստ, շինանյութ, գործվածքներ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
Նախարարը ողջունել է «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնի ստեղծումը և նշել․ ««Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնում հայկական ապրանքները կարող են առանց ավելորդ քաղաքական ռիսկերի վաճառվել ռուսական շուկայում, մասնավորապես Մոսկվա քաղաքում։ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է օժանդակել, որպեսզի այս ենթակառուցվածքը լինի շատ պահանջված ու հաջողված։ Դեռևս մեկումես տարի առաջ մենք չունեինք նման ենթակառուցվածք, ինչի արդյունքում որոշակի պահի մեր արտադրողները լոգիստիկ խնդիրների առջև կանգնեցին․ այժմ ավելի անկաշկանդ, շատ ավելի անկախ կարող ենք աշխատել արտահանման մեր ամենամեծ շուկայում»։
«2020 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ մենք կանգնեցինք մի փաստի առաջ, երբ հայ արտադրողները սկսեցին խնդիրներ ունենալ իրենց գյուղմթերքն իրացնելու հարցում։ «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից որոշում ընդունվեց ստեղծել հայկական արտադրողների համար բաց և առաջնային իրավունքներով օժտված առևտրային գոտի, ու այսօր մենք հավաքվել ենք տեսնելու այդ նախագծի իրագործումը։ «Տաշիր» ընկերությունը գնել է Մոսկվայի մեծածախ առևտրի կենտրոններից մեկը, որտեղ մենք պատրաստ ենք տրամադրել հետաքրքիր առաջարկներ հայ արտադրողների համար», - ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։
Հայ ձեռներեցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանն իր հերթին համառոտ անդրադարձել է ասոցիացիայի գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը։
Միջոցառման ընթացքում «Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնների գլխավոր տնօրենը ներկայացրել է կենտրոնի առավելությունները, գրանցված կոմերցիոն հաջողությունները և տարածքի վարձակալության պայմանները:
Հայ գործարարների ասոցիացիան ստեղծվել է հայազգի գործարարների կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի հզորացման, երկու երկրների շուկաները միմյանց համար առավել հասանելի դարձնելու նպատակով։ Հայ գործարարների ասոցիացիայի նախագահն ու համահիմնադիրը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է։