ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 9-ին մասնակցել է Երևանում «Էսթեյթգուրու» (EstateGuru) ընկերության տեխնոլոգիական մասնաճյուղի բացմանը:
EstateGuru-ն առաջատար համաեվրոպական հարթակ է (www.estateguru.co), որն առաջարկում է անշարժ գույքի գրավադրմամբ peer-to-peer կարճաժամկետ վարկեր ՓՄՁ-ներին և ներդրումային հնարավորություններ համաշխարհային ներդրողների համար:
Ընկերությունը մշակում է անշարժ գույքի ֆինանսավորման և ներդրումների թվային, առանց սահմանների էկոհամակարգ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս: Միավորելով տարբեր ծառայություններ մատակարարողներին, ՓՄՁ-ներին և ներդրողներին մեկ պլատֆորմում՝ այն կարող է տրամադրել եզակի առաջարկ՝ անխափան, միջսահմանային և թվային ծառայություններ վարկառուների և ներդրողների համար:
Ողջունելով այս հարթակի մուտքը Հայաստան՝ Վահան Քերոբյանն ընդգծել է, որ հայկական ՏՏ ոլորտը բավականին պահանջված է միջազգային ներդրողների կողմից։ Ոլորտը մրցունակ է, որի ապացույցն է տեխնոլոգիական կենտրոնի բացումը։
«ՀՀ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Ողջունելի է տեսնել, թե ինչպես են միջազգային տեխնոլոգիական ընկերությունները ամրապնդվում Հայաստանում և դառնում ծաղկող հայկական ՏՏ էկոհամակարգի մաս»,- նշել է Վահան Քերոբյանը։
Նախարարն ընդգծել է, որ չնայած 2021 թվականի ընթացքում դիմագրաված մարտահրավերներին՝ Հայաստանի տեխնոլոգիական և ստարտափ ինդուստրիան աճ է գրանցում։ Նա նաև վստահություն է հայտնել, որ մասնաճյուղի բացումը հայ ծրագրավորողներին հնարավորություն կընձեռի դառնալ խոշոր միջազգային ընկերության մասը, դառնալ ավելի մրցունակ և ընդլայնել իրենց տեսահորիզոնը։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև Էստոնիայից Հայաստան ժամանած EstateGuru-ի համահիմնադիր և նախագահ Մարեկ Պարտելը և EstateGuru-ի տեխնիկական ղեկավար Արարատ Յուզբաշյանը:
EstateGuru ընկերության թիմը բաղկացած է 113 մասնագետից 19 տարբեր երկրներից, որոնք տեղակայված են Հելսինկիում, Լոնդոնում, Տալլինում (գլխամասային գրասենյակ), Ռիգայում, Վիլնյուսում, Բեռլինում, Ամստերդամում և Երևանում: