Նոյեմբերի 12-ին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստին, որն անցկացվել է Կապան համայնքի Շիկահող բնակավայրում։
Այնուհետև էկոնոմիկայի նախարարի տեղակալը ներկա է գտնվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը։ Կենտրոնի լաբորատոր սարքավորումները և գույքը ձեռք են բերվել միջազգային ծրագրով, իսկ տարածքի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից։
Այս կենտրոնը, որի ստեղծման համար կատարվել է շուրջ 55 մլն դրամի ներդրում, կդառնա Կապանի գյուղական բնակավայրերում կառուցվող կարևորագույն զարգացման կենտրոններից մեկը:
Այցի շրջանակում Արման Խոջոյանը մասնակցել է նաև Շիկահողում Կարի արտադրամասի բացմանը։ Այստեղ կատարվել է շուրջ 150 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, մշտական աշխատանքով ապահովվել է 14 կին։
Միջոցառման ընթացքում «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության և Շիկահողի կարի արտադրամասի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության պատվերների մի մասը կկատարի այս կարի արտադրամասը։
Արտադրամասը իր կարողությունների սահմանում կկատարի նաև շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և «Զանգեզուր կենսոլորտային համալիր»-ի պատվերների մի մասը։