«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսում հայկական տաղավար այցելող աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ հյուրերը հետաքրքրությամբ ծանոթանում են հայկական պատմամշակութային արժեքներին, մեր երկրի զբոսաշրջային վայրերին, տնտեսական հնարավորություններին։
Ցուցահանդեսում Հայաստանի ներկայացուցիչները ամենօրյա ծավալուն աշխատանք են իրականացնում մեր երկիրը բազմակողմանիորեն ներկայացնելու համար, նաև կազմակերպում բազմաթիվ հանդիպումներ պետական կառույցների, մասնավոր ընկերությունների և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հարցազրույցներ տալիս տարբեր լրատվամիջոցներին: Աշխատանքի ընթացքում նաև ձեռք են բերվում համագործակցության պայմանավորվածություններ։
Մասնավորապես՝ հոկտեմբերի 25-ին Հայաստանի տաղավար է այցելել ԱՄԷ կրթության նախարար Հուսեյն բին Իբրահիմ Ալ Համադին, այնուհետև կիսվել տաղավարի մասին իր դրական տպավորություններով։ Այցի ընթացքում Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանի հետ ԱՄԷ նախարարը քննարկել է երկու բարեկամ երկրների մշակութային ընդհանրությունները եւ նշել, որ մոտ ապագայում նախատեսում է այցելել Հայաստան՝ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։
Նոյեմբերի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի տնօրեն Լիլիթ Հակոբյանի և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի ներդրումների խթանման և արտաքին կապերի ավագ մենեջեր Գևորգ Բաղդասարյանի հանդիպումը Քուվեյթի ուղղակի ներդրումների խթանման գործակալության (Kuwait Direct Investment Promotion Authority) ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրների ներդրումային միջավայրը, գրավչությունները և գործարար հնարավորությունները, նաև քննարկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի եւ Քուվեյթի ուղղակի ներդրումների խթանման գործակալության միջև համագործակցության հեռանկարները։
Արդյունքում կողմերը պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել հայկական պատվիրակության այցը Քուվեյթ՝ համատեղ քննարկելու և հստակեցնելու համագործակցության առաջիկա անելիքները և անցնելու գործնական քայլերի։
Նոյեմբերի 4-ին Dubai TV 1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Լիլիթ Հակոբյանը ներկայացրել է ցուցահանդեսում հայկական տաղավարի գաղափարը, ծանոթացրել Հայաստանի մշակույթին։
Գևորգ Բաղդասարյանն իր հարցազրույցում խոսել է Հայաստանի ներդրումային միջավայրի, ներկայիս տնտեսական վիճակի և հեռանկարների մասին։ Որպես ներդրումների համար առավել հեռանկարային ոլորտներ՝ նա առանձնացրել է գյուղատնտեսությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, դեղագործությունը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է հատկապես նոր տեխնոլոգիաներով ներդրումների ներգրավմամբ։ Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունը, COVID-19 համավարակի տնտեսական վնասների հաղթահարման նպատակով, նախաձեռնել և իրականացրել է մի շարք աջակցության ծրագրեր։
Լիլիթ Հակոբյաի հարցազրույցը (անգլերենով՝ արաբերեն թարգմանությամբ)՝
Գևորգ Բաղդասարյանի հարցազրույցը (անգլերենով՝ արաբերեն թարգմանությամբ)՝
Dubai TV 1 հեռուստաընկերությունն անդրադարձել է հայկական տաղավարին, պատմել Երևանի և Հայաստանի մասին (արաբերեն)