Սեպտեմբերի 24-ին Վահան Քերոբյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևին:
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Անի Իսպիրյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Նախարարներն անդրադարձել են նույն օրը նախարարությունում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպում-քննարկմանը, գործարարների կողմից վերհանված խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին։
Նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ամփոփել է միջոցառման արդյունքները` ներկայացնելով գործարարների կողմից բարձրացված հիմնական հարցերը և առաջարկները, որոնցից են արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի հետվերադարձելիության, ապրանքների արտահանման ժամանակ ակցիզային հարկի հետվերադարձելիության, դեղագործական արտադրանքի և դեղերի արտահանման ժամանակ ազգային կանոնակարգի կիրառելիության, նավիգացիոն կապարակնիքների, Լարսի մաքսային անցակետում «Կանաչ միջանցքի» ստեղծման հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները:
Վահան Քերոբյանը հանդիպման ընթացքում թվարկված խնդիրների և հարցերի շարքում տնտեսության և բիզնեսի առաջընթացի համար կարևորել է կապիտալի շուկայի զարգացման և ֆինանսների հասանելիությանն ուղղված համատեղ քայլերը։ Նախարարն ավելացրել է, որ նախարարության օրակարգում առաջնային է Հայաստանում վենչուրային հիմնադրամների ստեղծման հարցը:
Ռուսլան Բեկետաևը ևս կարևորել է ֆինանսների հասանելիությունը և նշել, որ ֆինանսական ֆոնդերը տնտեսական աճ ապահովելու կարևոր գործոններից են և այս ոլորտում ԵԱՏՄ երկրների փորձի փոխանակումը կարող է կարևոր ներդրում լինել Հայաստանում ոլորտի զարգացման համար:
Վահան Քերոբյանը խոսել է նաև հայկական գինիների մասին` նշելով, որ, հնարավորության դեպքում, պետք է մեծացնել դրանց ներկայացվածությունը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում: Այս համատեքստում կարևորվել է ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակում մեկ միասնական ալկոհոլային շուկայի ստեղծումը, ինչը թույլ կտա ԵԱՏՄ անդամ երկրներում առանց արգելքների իրացնել հայկական ալկոհոլային խմիչքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տեղեկատվության փոխանակման և համագործակցության կատարելագործմանն ուղղված այլ հարցեր: