Սեպտեմբերի 24-ին Երևանում կայացել է «Ստեղծել պայմաններ Հավատարմագրման եվրոպական համագործակցության կողմից Հայաստանի հավատարմագրման համակարգի ճանաչման համար» խորագիրը կրող «Թվինինգ» ծրագրի մեկնարկային համաժողովը։
Համաժողովին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Եվրոպական միության, Հայաստանում ԵՄ պատվիրակության պաշտոնյաներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ծրագրի նպատակներն են՝ Հայաստանի հավատարմագրման համակարգի oրենսդրական դաշտի մոտարկումը ԵՄ օրենսդրությանը, ՀՀ Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունների բարելավումը, հավատարմագրման ոլորտում միջազգային համագործակցությունը։
Եվրամիության և Հայաստանի միջև հավատարմագրմանն առնչվող տարբերությունների նվազեցումը և միջազգային մակարդակով համաձայնեցված որակի գործիքների կիրառման խրախուսումը ռազմավարական կարևոր քայլ է՝ փոխադարձ առևտրի խթանման և արտահանման շուկաների ընդլայնման համար։
Մասնավորապես, ծրագրի իրականացման արդյունքում կամրապնդվի ՀՀ Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունը՝ բավարարելու համար Հավատարմագրման եվրոպական համագործակցության հետ ասոցացման անդամակցության պայմաններին, ինչը կօգնի ձեռք բերել Հավատարմագրման եվրոպական համագործակցության երկկողմ համաձայնագրերի ստորագրող կողմի կարգավիճակ։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ «Թվինինգ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում զարգացնել ու ամրապնդել Հայաստանի Հավատարմագրման ազգային մարմնի կարողությունները՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային չափանիշներին։ Նա համոզմունք է հայտնել, որ իրականացվող միջոցառումները կնպաստեն առևտրում տեխնիկական խոչընդոտների նվազեցմանը, հայկական ապրանքների արտահանման խթանմանը, նաև ծառայությունների բարձր որակի ապահովման շնորհիվ կբարձրանա համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ սպառողների վստահությունը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել համագործակցության նախագահ Ֆրենք Հենսը (Հայաստանում ԵՄ պատվիրակություն), Հայաստանի Հանրապետությունում Գերմայիայի Դաշնության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, ԵՄ անդամ պետությունների ծրագրի ղեկավար (Գերմանիայի հավատարմագրման մարմին/ DAkkS) Թոմաս Ֆաքլամը, Հայաստանի Հանրապետության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ տնօրեն Անի Օբոսյանը և այլոք։
Միջոցառման խոսնակները հույս են հայտնել, որ ծրագրի շրջանակում գործընկերությունը կլինի արդյունավետ և համատեղ ուժերով կգտնվեն հավատարմագրման ոլորտի խնդիրների ճիշտ լուծումների ուղիները։ Արդյունքում կբարելավվեն Հայաստանի հավատարմագրման համակարգի ինչպես տեխնիկական կարողությունները, այնպես էլ իրավական և օրենսդրական դաշտը։ Նշվել է նաև, որ ծրագրի իրականացումն էլ ավելի կմոտեցնի Հայաստանին ԵՄ հավատարմագրման համակարգին։
Համաժողովի ընթացքում Գերմանիայի և Իտալիայի հավատարմագրման մարմինների ղեկավարները առցանց եղանակով ներկայացրել են հավատարմագրման միջազգային ճանաչման ուղին։
Հայաստանի Հանրապետության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ տնօրեն Անի Օբոսյանը և ԵՄ անդամ պետությունների ծրագրի ղեկավար Թոմաս Ֆակլամը ստորագրել են Ծրագրի նախնական աշխատանքային պլանը և Հաղորդակցման և տեսանելիության ապահովման պլանը։
Թվինինգ ծրագրի աշխատանքները մեկնարկել են 2021թ․ հունիսին և կշարունակվեն 18 ամիս։ Ծրագրի արժեքը 700,000 եվրո է, այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։
Ծրագիրը կոչված է աջակցելու ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) իրականացմանը՝ Հայաստանի հավատարմագրման և համապատասխանության գնահատման միջազգայնորեն ընդունված համակարգի ամրապնդման տեսանկյունից՝ դիտարկելով դրանք որպես որակի ազգային ենթակառուցվածքի հիմնասյուներ։
«Թվինինգ» ծրագիրն իրականացվում է Գերմանաիտալական կոնսորցիումի գլխավորությամբ, որը ներկայացնում է ԵՄ անդամ պետությունների (ԱՊ) պետական հաստատությունները և հավատարմագրման ազգային մարմինները։