- Պարոն Խոջոյան, հաճախ Կառավարությանը մեղադրում են խաղողագործության ոլորտն անուշադրության մատնելու և վերջինիս հետընթացի մեջ։ Խնդրում եմ նշեք, թե ինչպիսին է Հայաստանում խաղողագործության ներկա վիճակը, և ինչ է անում Կառավարությունը ոլորտի զարգացման համար։
Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այսօր Հայաստանում խաղողագործական նպատակներով օգտագործվում է մշակովի գյուղատնտեսական տարածքների մոտ 16․700 հեկտարը։ Հայաստանում խաղողի տնկարկների ճշգրտում երբևէ չի իրականացվել, այս բացը լրացնելու նպատակով էկոնոմիկայի նախարարությունը 2020 թվականին նախաձեռնել է խաղողի այգիների քարտեզագրման աշխատանքներ և չնայած դժվարություններին՝ 3 մարզում իրականացրել ենք քարտեզագրում, ևս երկու մարզում քարտեզագրման աշխատանքներն ընթացքի մեջ են։
Որպեսզի մեր քաղաքականությունը լինի ճշգրիտ, մենք նախաձեռնեցինք մեկ այլ շատ կարևոր հետազոտություն՝ պարզելու, թե ինչ խաղողի սորտեր են մշակվում Հայաստանում, ինչ քանակությամբ և ում են պատկանում այդ խաղողի տնկարկները․ ավարտից հետո մենք կկարողանանք կատարել բերքատվության ավելի ճշգրիտ կանխատեսումներ, ինչպես նաև արտաքին շուկաների թիրախավորման դեպքում կունենանք ապացույցների հիման վրա կայացրած որոշումներ։ Ոլորտի զարգացման գործում հիմնավոր քայլերից մեկն է ունենալ գինու կադաստր, որը խաղողի արժեշղթայի համակարգման համար կարևոր նախապայման է։ Այս ամենը քայլեր են, որոնք ռազմավարական նշանակություն ունեն ոլորտի զարգացման համար, որի ուղղությամբ Կառավարությունն այսօր շարժվում է։
Բացի այդ, էկոնոմիկային նախարարության նախաձեռնությամբ իրականացվում են մի շարք պետական օժանդակության ծրագրեր, որոնք ուղղված են միայն ոլորտի զարգացմանը և գործընթացների կարգավորմանը։
- Ի՞նչ պետական աջակցության ծրագրեր են իրականացվում ոլորտի աշխատանքներն ավելի սահուն դարձնելու նպատակով։
Խաղողի այգիների և առկա սորտերի գույքագրմանը զուգընթաց գյուղատնտեսության ոլորտում գործող թերևս ամենաբարենպաստ պայմաններով են տրամադրվում ֆինանսական ռեսուրսներ խաղողի այգիների հիմնման համար՝ 5 տարի արտոնյալ ժամկետ, 8 տարի ընդհանուր ժամկետ, 0 % տոկոսադրույք։
Խաղողի այգիների հիմնման նպատակով այգեգործներին առաջարկվող գործիքներին զուգահեռ մենք միջոցներ ենք ձեռնարկում նաև պահանջարկի ապահովման ուղղությամբ, մասնավորապես՝ արտահանման ժամանակ 100 000 լիտրը գերազանցող կոնյակի սպիրտի յուրաքանաչյուր լիտրի համար վճարվող հարյուր դրամը՝ խմբաքանակների իրացման իրավունք ձեռք բերելու նպատակով վճարված պետական տուրքը վերադարձվում է՝ դրանով իսկ նվազեցնելով կոնյակի սպիրտի ինքնարժեքն արտաքին շուկայում։
Բացի այդ, նախորդ տարվա ընթացքում գինեգործների և կոնյակագործների կրած վնասները մեղմելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մեջ, որով խաղողի մթերումների համար տրվող վարկերի սահմանաչափը 3 մլրդ դրամից բարձրացվել է 4 մլրդ դրամի, վարկերի ժամկետը 1 տարուց երկարացվել է մինչև 3 տարի, իսկ վարկերի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը դարձել է 1 տարի նախկինում գործող երեք ամսվա փոխարեն։ Ծրագրի շրջանակում նաև առաջին անգամ վերամշակողներին կտրամադրվի 50%-ի չափով պետական երաշխիք։
- Ֆերմերները հաճախ են բողոքում, որ վերամշակող ընկերությունները մերժում են մթերել իրենց խաղողը՝ պատճառաբանելով, որ իրենց հետ չունեն համապատասխան պայմանագրեր։
Նախապես պայմանագիր կնքելու համար պետք է ունենալ շատ սահուն աշխատող մատակարարման ցիկլ, կանխատեսել ամենամյա պահանջարկը։ Հայաստանում քիչ կազմակերպություններ կան, որոնք իրենց ամբողջ ծավալով կարողանում են երկարաժամկետ պլանավորել։ Պետք է արձանագրեմ, որ Կառավարության աջակցության ծրագրերը նույն նպատակն են հետապնդում։ Օրինակ՝ խաղողի մթերման վարկը չի տրամադրվում կազմակերպությանը, այլ պայմանագրերի հիման վրա վճարվում է ֆերմերին։ Այդ մթերման վարկերը ունենալու նպատակը ոչ միայն վերամշակողի համար մատչելի շրջանառու միջոց ապահովելն է, այլև, որ վերջինս կարողանա վաճառքից հետո հաշված օրերի ընթացքում վճարել ֆերմերին խաղողի ձեռքբերման համար․ սա մեր օժանդակության ծրագրի հիմնական դրույթներից մեկն է։
Արձանագրենք, որ 2020 թվականին պետական ծրագրով միայն խաղողի ձեռքբերման համար տրամադրվել է 18,7 մլրդ դրամ ծավալով ֆինանսական ռեսուրս․ այս տարի նախատեսվում է մի փոքր ավել։ Այսպիսով, նախորդ տարի գրանցված ցուցանիշները վկայում են այս ծրագրի հանդեպ մեծ հետաքրքրվածության և արդյունավետության մասին։
- Պարոն Խոջոյան, իսկ ինչ կասեք այս տարվա խաղողի մթերման գնի մասին, որքան է այն կազմում։
Այսօր շուկայում արձանագրված խաղողի մթերման ամենաբարձր գինը 155 դրամ է կոնյակի արտադրության համար նախատեսված խաղողի համար։ Կցանկանամ նշել նաև, որ յուրաքանչյուր գործարան ունի իր գնային քաղաքականությունը։ Շուկայում գործում է 125-135 ՀՀ դրամ գինը, կան արտադրողներ, որոնք, որակից կախված, մթերման արժեքը սահմանում են 115-130 ՀՀ դրամ։
- Արդյո՞ք Էկոնոմիկայի նախարարությունն իրավասություն ունի միջամտելու գնային քաղաքականությանը։
Նախարարությունն իրավասություն չունի միջամտելու գնային քաղաքականությանը։ Պարզապես մենք մեր գործիքներով նպաստում ենք, որպեսզի խաղողի նկատմամբ պահանջարկը մեծ լինի և վերամշակողին ավելի շահեկան լինի խաղողի ձեռքբերումը։
- Ընդհանուր առմամբ, խաղողագործության և գինեգործության ոլորտներում պետական քաղաքականությունը մշակելիս արդյոք հաշվի են առնվում առկա խնդիրները։
Էկոնոմիկայի նախարարությունը ոչ միայն մթերման սեզոնի մեկնարկից առաջ, այլև ամբողջ տարվա ընթացքում հաճախակի հանդիպումներ ու քննարկումներ է կազմակերպում շահագրգիռ կողմերի հետ՝ առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները, ծրագրերում նախատեսվող փոփոխություններն ու լրամշակումները քննարկելու նպատակով․ դա շարունակական գործընթաց է։
- Ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում հայկական գինեգործական արտադրանքի ճանաչելիությունն արտաքին շուկաներում բարձրացնելու ուղղությամբ։
Այս ուղղությամբ նույնպես նախարարությունը կարևոր քայլեր է իրականացնում․ հայկական գինիների առաջմղման և համաշխարհային շուկայում ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով առաջիկայում Գերմանիայում կգործարկվի գինիների վաճառքի առցանց հարթակը և եվրոպացի գինեսերները հնարավորություն կունենան առցանց եղանակով ձեռք բերել հարթակում ներկայացված հայկական գինիների լայն ընտրանուց։