Մայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է կառուցապատման գործընթացների խթանման և կառուցապատողների հարցերի լուծման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ անցկացվող հերթական հանդիպումը՝ այս անգամ ենթակառուցվածքները սպասարկող մատակարարների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Կադաստրի կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են քարտեզագրման աշխատանքների արդյունավետ կազմակերպման հնարավորությունները, միջոցներն ու մեթոդները, որոնց արդյունքում կունենանք բոլոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ ստորգետնյա, ճիշտ քարտեզներ, որպեսզի ներդրողները կարողանան աշխատել ճիշտ քարտեզագրման համակարգում։
Մասնավորապես քննարկվել է ենթակառուցվածքները սպասարկող ընկերությունների կողմից տեղական կոորդինատներին համապատասխան՝ ռեալ, ճշգրիտ քարտեզագրման իրականացման հնարավորությունը՝ առանց կադաստրային քարտեզների շտկումների։ Դիտարկվել է նաև առանձին կազմակերպությանը քարտեզագրում իրականացնելու պատվերի հնարավորությունը՝ շահագրգիռ բոլոր կողմերի հետ համագործակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք այլ խնդիրներ ևս․ առանձնացվել են խնդիրների լուծման տարբերակները։
Անդրադարձ է եղել նաև կադաստրում ստեղծված գեոպորտալին, մատակարարների ցանկության դեպքում, բաժանորդագրությամբ հասանելիության ապահովման հնարավորությանը։
Վահան Քերոբյանը՝ նշելով, որ հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի բիզնեսը կարողանա հեշտ աշխատել, շեշտել է ճշգրիտ քարտեզներ, ճշգրիտ ինֆորմացիոն տվյալներ, ճշգրիտ կոորդինատներ ունենալու կարևորությունը, քանի որ քարտեզներում առկա շեղումների պատճառով կառուցապատողները հաճախ խնդիրների առաջ են կանգնում։ «Բիզնեսի տեսանկյունից ինչքան ճշգրիտ են քարտեզները, կոմունիկացիաները, օրենքները, գործողությունները, այնքան ավելի հեշտ է աշխատել», - ասել է նա։