ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 12-ին այցելել է Արմավիրի մարզ՝ «Արմավիր ֆրութ» ՍՊԸ չրագործական ընկերության գործունեությանը ծանոթանալու և Կողբավանում 2019 թվականին հիմնադրված պիստակի այգում իրականացվող աշխատանքները դիտարկելու նպատակով։
«Արմավիր ֆրութ» ընկերության տնօրեն Հայկ Մանուկյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է չրի արտադրամաս, ծանոթացել այնտեղ ներդրված տեխնոլոգիաներին, հետևել չրերի արտադրության ու պահեստավորման գործընթացին, ինչպես նաև գործարանի լաբորատորիայում իրականացվող աշխատանքներին։
Ընկերության տնօրենը տեղեկացրել է, որ ընկերությունն իր արտադրությունը սկսել է 2020 թվականին։ Վերջինիս հիմնական գործունեությունը գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ սև սալորի վերամշակումն է և հայկական էկոլոգիապես մաքուր չորամրգերի արտահանումն ԱՄՆ։Հայկ Մանուկյանի փոխանցմամբ առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը և ավելացնել արտահանման ծավալները։
Ընկերությունն առաջին տարում փորձնական մթերումներն իրականացրել է տարբեր մարզերից, սակայն հիմնական մատակարարները Արմավիրի մարզի գյուղացիներն են։ Արտադրությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերութունը քայլեր է ձեռնարկում նաև հումքի վերամշակումից ստացվող մնացորդների ամբողջական վերամշկման ուղղությամբ։ Իսկ առկա ամբողջ արտադրանքը ներկա պահին ընկերությունը պատրաստվում է արտահանել ԱՄՆ։
Նշենք, որ ընկերությունում ներդրված են թունելային վառարաններ, որոնց միջոցով էլ իրականացվում է մրգերի չորացումը։ Նախորդ տարվա կտրվածքով ընկերությունը փորձարկել է ներդրված թունելային վառարաններից մեկը և ստացել մոտ 4 տոննա ծիրանի և 50 տոննա սալորաչիր։ Ներկայումս ընկերությունը գործարկում է երկու թունելային վառարան։ Պատրաստման փուլում են ևս 10-ը, որոնցից առաջիկայում կգործարկվեն 4-ը։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներդնել շուրջ 50 թունելային վառարան։ Նշենք, որ արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ-ից, Չիլիից, Արգենտինայից և Չինաստանից։
Այցի ընթացքում Վահան Քերոբյանը եղել է նաև «Արմեն ֆրութ ընդ նատ» ՍՊԸ կողմից Կողբավանում հիմնված 1100 հա տարածքով պիստակի այգում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և խոսել ընկերության գործունեության զարգացման հնարավորությունների մասին
2020 թվականին այգու տարածքը կազմել է 60 հա, այս տարվա ընթացքում նախատեսվում է այն ընդլայնել ևս շուրջ 85 հեկտարով։ Մոտակա տարիներին հայկական արտադրության պիստակները կհամալրեն միջազգային շուկաներ արտահանվող հայկական ապրանքատեսակների շարքերը։
Կարևորելով հայկական արտադրության՝ արտասահմանյան շուկաներում ներկայացվածությունը և արտահանման ծավալների մեծացումը՝ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերությանը իրենց բիզնես պլանի իրագործման գործընթացքում առաջացող ընթացիկ խնդիրների արագ և արդյունավետ լուծման հարցերում։