Մարտի 25-ին Երևանում՝ «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում, բացվել է «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում էքսպո 2021» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Եռօրյա ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցուցահանդեսի պաշտոնական բացմանն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայաստանում շինարարությունը և կառուցապատումը կարևոր ոլորտներից են և այս ցուսահանդեսը շատ լավ հնարավորություն է, որպեսզի ընկերությունները կարողանան ցուցադրել իրենց արտադրանքը, գտնել նոր գործընկերներ և իրացման հնարավորություններ։ «Տնտեսության վերականգնմանը զուգընթաց, այս ընկերությունները մեծ գործ ունեն անելու», - ասել է էկոնոմիկայի նախարարը և հավելել, որ պետք է ամեն ինչ անենլ, որպեսզի Հայաստանում վերականգնվի ցուցահանդեսային կյանքը։
Վահան Քերոբյանը շրջել է ցուցահանդեսի սրահներով, հետաքրքրությամբ դիտել տաղավարները և գոհունակությամբ նշել, որ հայկական ընկերությունների, ինչպես նաև արտասահմանյան կազմակերպությունների ներկայացրած արտադրանքը որակական չափանիշներով գերազանցում է թուրքականին և լիարժեքորեն կարող է փոխարինել այն։
Աենամյա ցուցահանդեսը, որն ամենախոշոր շինարարական ցուցահանդեսն է Հայաստանում և խոշորագյույններից մեկը՝ տարածաշրջանում, նախորդ տարվա դադարից հետո, այս տարի վերականգնել է իր աշխատանքը։ Ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 90 շինարարական կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից։
Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝ շինարարական տեխնոլոգիաներ և տրանսպորտային միջոցներ, շինարարական նյութեր, փայտյա և մետաղյա հավաքածուներ, էներգո-ջերմա-ջրամատակարարման, անվտանգության, ջեռուցման և օդափոխման համակարգեր, կերամիկա և քար, պատի և առաստաղի դեկոր, ծածկեր և մեկուսիչներ, հատակի ծածկեր, լաքեր և ներկեր, դռներ և պատուհաններ, կահույք և աքսեսուարներ, անշարժ գույք և նախագծում, ինտերիերի և էքստերիերի դիզայն, վիտրաժներ, լողավազաններ, սանտեխնիկա։
«Կովկաս․ շինարարություն և վերանորոգում էքսպո 2021» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 27-ը։