ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում, նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի նախաձեռնությամբ, կայացել է հանդիպում խոշոր առևտրային ցանցերին որոշ ապրանքներ մատակարարող, արտադրող կազամակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մի շարք խնդիրների քննարկման և դրանց հնարավոր լուծումների ուղիները համատեղ նախանշելու նպատակով։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը (BSO), Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ), ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի պատասխանատու աշխատակիցները։
Վարոս Սիմոնյանն իր խոսքում շեշտել է, որ նախարարությունը բաց է առողջ քննարկումների և առաջարկությունների համար։
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են խոշոր առևտրային ցանցերի և մատակարարների գործարար փոխհարաբերություններին առնչվող հարցեր՝ առևտրային ցանց մտնելու, տեղական արտադրանքի իրացման, վճարման ժամկետների, նաև խոշոր ցանցերի կողմից հարկման այլընտրանքային համակարգերում գործող մատակարարների հետ պայմանագրեր կնքելու բարդությունների վերաբերյալ։
Գյուղմթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներն, իրենց հերթին, մտահոգություն են հայտնել որոշ դեպքերում տեղական շուկայում անհավասար մրցակցային պայմանների առկայության վերաբերյալ։
Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են նաև, որ ՏՄՊՊՀ-ի կողմից մշակվել է խորհրդատվական բնույթի ուղեցույց՝ առևտրային ցանցերի և մատակարար ընկերությունների միջև բարեխիղճ հարաբերությունների կարգավորման նպատակով, որում սահմանվում են համագործակցության ընթացակարգերը:
Քննարկման ավատրին նշվել է, որ բարձրաձայնված բոլոր խնդիրներն ու առաջարկությունները խորքային կուսումնասիրվեն Գործարարության աջակցման գրասենյակի կողից և, հիմնվելով նաև միջազգային փորձի վրա, գրասենյակի մասնագետներն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կփորձեն համատեղ ներկայացնել լուծումների ամբողջական շղթան։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 19-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացած ՓՄՁ զարգացման խորհրդի նիստի ընթացքում ադրադարձ է եղել խոշոր առևտրային ցանցերին վերաբերող հարցերին, այդ թվում՝ մատակարարումներին, տեղական արտադրանքի իրացմանը և այլ խնդիրներին, որոնց ընդհարվում են ՓՄՁ սուբյեկտները: