Աջակցության նոր ծրագրեր բիզնեսի համար․ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել մամուլի ասուլիսի ընթացքում

14 Օգոստոսի, 2020

Օգոստոսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տնտեսական ծրագրերին։

Նախարարը մանրամասն  անդրադարձել է նախարարության կողմից մշակված և կառավարության կողմից օգոստոսի 13-ին հաստատված 23-րդ և 24-րդ միջոցառումներին։ 

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 23-րդ միջոցառման նպատակն է օժանդակություն տրամադրել զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի տնտեսվարողներին՝ վերջիններիս մոտ առաջացած ֆինանսական խնդիրները մեղմելու, նրանց գործունեության շարունակականությունն ապահովելու և առկա աշխատատեղերը պահպանելու համար։ 

«Սա ոլորտին զգալի աջակցություն է և մենք ունենք նաև ազդակներ, գնահատականներ մասնավոր հատվածից, որ այս աջակցությունը մեծ չափով կօգնի իրենց գործունեությունը ճիշտ պլանավորելու և դժվարությունները հաղթահարելու հարցում։ Մի շարք քննարկումներ ենք  անցկացրել ոլորտը ներկայացնող տարբեր միությունների և անմիջապես  կազմակերպությունների հետ և եկել եզրակացության, որ կազմակերպություններն իրենց առջև կանգնած հիմնական խնդիրներից մեկը տեսնում են անձնակազմի և աշխատատեղերի պահպանումը։ Ունենք մի իրավիճակ, երբ կազմակերպություններն ունեն ավելի քան կիսով չափ կրճատված շրջանառություն և, մյուս կողմից, ցանկություն պահպանել իրենց  աշխատատեղերը և, չնայած դժվարություններին, շարունակել գործել։ Թիրախը կոլեկտիվի պահպանումն է։ Վստահ ենք, որ 23-րդ միջոցառումը կօգնի, որ կազմակերպությունները պահպանեն իրենց կազմը և, առաջիկա դժվարություններին դիմանալով, կհասնեն գործունեության վերականգնման անհրաժեշտ ցուցանիշներին», - ասել է Էկոնոմիկայի նախարարը։

24-րդ միջոցառման նպատակն է օժանդակել գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող  տնտեսվարող սուբյեկտներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը և խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը:

«Թիրախավորել ենք հատկապես խաղողի մթերումների ժամանակահատվածում կազմակերպություններին և ֆերմերային տնտեսություններին օգնությունը։ Այս տարին տարբերվում է նախորդ տարիներից նրանով, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով գինի և կոնյակ արտադրող և վաճառող կազմակերպությունները թե՛ ներքին և թե՛ արտաքին շուկայում ունեն վաճառքի կրճատում։ Աջակցության առանձնահատուկ պայմաններից է այն, որ ֆինանսական գումարը ստանում են ոչ թե կազմակերպությունները, այլ իրենց բանկային հաշվեհամարներին ստանում են այն գյուղացիական տնտեսությունները, որոնք խաղող են վաճառել մթերող կազմակերպություններին», - նշել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ մեկնարկել է աշնանացան ցորենի ծրագիրը՝ հավելելով, որ այն առանձնահատուկ նպատակ ու կարգավորման եղանակներ ունի:

«Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում ցորենի աճեցման ընթացքում հիմնական խնդիրներից մեկը ոչ որակյալ սերմի օգտագործումն է, ինչի արդյունքում արդյունավետությունն էապես ընկնում է: Եվ հատկապես առավել փոքր ծավալով գյուղատնտեսություն վարող տնտեսություններում է խնդիրն առկա: Կառավարությունը հայտարարել է, որ առաջիկա տարում խրախուսելու և ֆինանսապես աջակցելու է բոլոր գյուղացիական տնտեսություններին, որոնք կորոշեն, որ որպես սերմացու օգտագործելու են ոչ թե իրենց պահած սերմացուն, այլ սերմացուն ձեռք են բերելու շուկայում առկա՝ որպես սերմացու վաճառող մատակարարներից»,- շեշտել է նախարարը:

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ որակյալ սերմացուն պարենային ցորենից ավելի բարձր արժեք ունի՝ մոտ 100-120 դրամ, դրա համար էլ հայտարարվել է, որ սերմացու գնելու դեպքում, եթե շուկայում մատակարարը վաճառում է գյուղացիական տնտեսությանը և իր գործունեությունը վարելու է 2-20 հեկտար մակերեսի վրա, ապա յուրաքանչյուր կիլոգրամ ցորենի համար 70 դրամը կվճարի Կառավարությունը:

«Գյուղատնտեսության ոլորտի վարկավորման աջակցությունից օգտվել են 21446 շահառուներ։ Այսինքն՝ որքան էլ մենք մտածենք, որ բանկային համակարգը բարձր պահանջներ է ներկայացնում կազմակերպությունների վարկունակության որոշումը կայացնելուց առաջ, այս 21446 թիվը նշանակում է, որ մենք ունենք բավականաչափ մեծ թվով վարկունակ տնտեսվարողներ, որպեսզի նրանք կարողանան օգտվել գյուղատնտեսական աջակցության ծրագրերից: Ինչ վերաբերում է մասնավորապես երեկ կայացած որոշմանը, ապա մենք ունենք նաև այդ նոր կազմակերպությունների ցանկը, որոնք օգտվում են արտոնյալ վարկավորման շրջանակներից։ Եվ բոլոր քննարկումները ցույց են տալիս, որ թե՛ բանկային համակարգը, թե՛ տնտեսվարողներն այդպիսի պայմաններով կարողանալու են ներգրավել բավարար դրամական միջոցներ»,- հավելել է նախարարը:

Էկոնոմիկայի նախարարը հակիրճ ներկայացրել է նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին, երկրորդ, երրորդ և տասնիններորդ միջոցառումների իրականացման ընթացքը։   

Ամփոփելով ասուլիսը՝ նախարարն իր եզրափակիչ խոսքում ասել է․ «Շարունակելու ենք ոլորտային հանդիպումները, լսելու ենք կազմակերպությունների առանձնահատուկ խնդիրները։ Որոշել ենք թիրախավորել յուրաքանչյուր ոլորտին առանձնահատուկ հարցերը և մեր առաջիկա աջակցության միջոցներն ուղղել առաջացող կամ արդեն իսկ առկա, լուծում սպասող հարցերին կետային, թիրախային եղանակով լուծում տալուն»։

Տեղեկատվություն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տնտեսական ծրագրերի վերաբերյալ

 

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00