«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապրիլի 20-ին մեկնարկել է առաջին առցանց ուսուցողական դասընթացը, որին մասնակցում է 21 դիմորդ Կոտայքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերից: Հնգօրյա դասընթացը վարում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի փորձառու մասնագետները: Առցանց եղանակով առաջին դասընթացի մեկնարկն ունկնդրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Դասընթացի սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը: Նա նշել է, որ նախկինում դասընթացներին մասնակցելու համար շահառուներն այցելում էին Հայաստանի ազգային ագրարային համալսարան, սակայն արտակարգ իրավիճակով պայմանավորված, նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական աշխատանքները չեն կարող հապաղել, այս դասընթացը որոշվել է կազմակերպել առցանց եղանակով:
Հայկ Ղևոնդյանի խոսքով՝ եթե հանրապետությունում արտակարգ դրությունը շարունակվի, ապա ծրագրի շրջանակում, կախված շահառուների թվից, կկազմակերպվի ևս մեկ դասընթաց: Առաջիկա օրերին նույն ձևաչափով մեկ այլ դասընթաց նախատեսվում է իրականացնել փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրով:
Ընդհանուր առմամբ, Հայկ Ղևոնդյանի ներկայացմամբ՝ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով այս պահի դրությամբ ստացվել է 242 դիմում, տեղազննության արդյունքում 223 դիմումատուի տնտեսություն համապատասխանել է չափորոշիչներին: Ծրագրի դասընթացներին մասնակցել է 131 շահառու, որոնցից 28-ի հետ կնքվել են պայմանագրեր։ Շահառուների մի մասը շինարարության առաջին փուլն արդեն ավարտել է և ստացել այդ փուլի համար նախատեսված պետական աջակցությունը՝ ծախսերի փոխհատուցումը: «Դիմումատուների թիվը բավական մեծ է, քանի որ տնտեսվարողները գիտակցում են, որ ժամանակն է անցնել ինտենսիվ գյուղատնտեսության», - հավելել է Հայկ Ղևոնդյանը:
Դասընթացի մասնակիցներին ներկայացվելու են ծրագրի պայմանները, մասնակցության ընթացակարգը, «խելացի» անասնաշենքերի առավելությունները, յուրաքանչյուր մոդելի կառուցման առանձնահատկությունները և անասնաշենքերի կառուցման վերաբերյալ այլ կարևոր մանրամասներ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը համոզմունք է հայտնել, որ հեռավար ուսուցումը նոր հետաքրքիր մշակույթ կձևավորի գյուղատնտեսության ոլորտում:
«Մենք շատ ենք կարևորում ուսուցման բաղադրիչը մեր ծրագրերում, քանի որ նախքան բուն ծրագրի մեջ ներգրավվելը, ֆերմերները պատկերացում են կազմում ծրագրի վերաբերյալ», - նշել է փոխնախարարը:
Տիգրան Գաբրիելյանի խոսքով՝ «խելացի» անասնաշենքերի կառուցման ծրագրի մեկնարկային փուլում շատերը թերահավատորեն էին վերաբերվում ծրագրին, սակայն, ականատես լինելով ծրագրի արդյունավետությանը, շատ տնտեսվարողներ սկսել են ակտիվորեն հետաքրքրվել ծրագրով: Ըստ փոխնախարարի՝ բավական մեծ է հետաքրքրությունը նաև ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի հանդեպ, քանի որ այն ևս համարվում է գյուղատնտեսության ոլորտի եկամտաբեր ճյուղ:
Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում են փոփոխություններ և լրամշակումներ՝ գործող ծրագրերն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով: