Մարտի 10-ին, Երևանում՝ «Ամերիա» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդաժողով՝ նվիրված Հայաստանում փոքր և միջին ձեռներեցության ոլորտի ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային Ժողովի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների, բանկերի, ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք։
Խորհրդաժողովին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։
Միջոցառման սկզբում «Ամերիա» ՓԲԸ Կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է խորհրդատվական ծառայության կողմից 2019 թվականի ընթացքում իրականացված ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտության շնորհանդեսը՝ «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում, ներկա իրավիճակ, սպասումներ, նախասիրություններ, կարիքներ» խորագրով, որը երկրորդն է 2013 թվականին իրականացված նմանատիպ հետազոտությունից հետո։
Հետազոտության հաշվետվության մեջ ներկայացվում է ոլորտի ներկա վիճակը և սպասումները, ՓՄՁ նորարարական և ավանդական ներդրումները, ինչպես նաև ՓՄՁ ոլորտին անհրաժեշտ խորհրդատվական և մասնագիտական ծառայությունները։
Շնորհանդեսից հետո միջոցառման մասնակիցները հնարավորություն են ունեցել պանելային քննարկման ձևաչափով հարցադրումներ ուղղել բանախոսներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանին, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին, «Ամերիա» ՓԲԸ Կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանին։
Միջոցառման մասնակիցները կարևորել են ՓՄՁ-ների դերը տնտեսության զարգացման գործում, անդրադարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ժամանակ ներկայացվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարությունը:
Նաիրա Մարգարյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշել է, որ բավականին հետաքրքիր հետազոտություն է իրականացվել։ Նա կարևորել է հատկապես այն հանգամանքը, որ հետազոտության մեջ առկա է չոր վիճակագրություն, ինչպես նաև ուսումնասիրված են ձեռներեցների կարծիքները՝ վերջիններիս ակնկալիքների շուրջ, և ավելացրել․ «Ստացված տեղեկատվությունը հաստատում է այն գործողությունները և այն ուղղությունները, որ մենք վերցրել ենք ռազմավարությունը մշակելիս»։
Այնուհետև փախնախարարը շատ կարճ ներկայացրել է ՓՄՁ զարգացման ռազմավարության չորս հենասյուները՝ ֆինանսական ռեսուրսների հասանելիություն, շուկաների հասանելիություն, կարողությունների զարգացում և միջավայրային, կառուցվածքային փոփոխություններ։
Միջոցառման ընթացքում ընդգծվել է Հայաստանում բարձր արտադրողական և նորարարական փոքր և միջին ձեռնարկատիրություն ձևավորելու կարևորությունը, ինչպես նաև նշվել, որ պետք է համախմբել ուժերը նախանշված նպատակներին հասնելու համար։
Հնչել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ, որոնք, փոխնախարարի խոսքով, հաշվի կառնվեն ռազմավարության վերջնական տարբերակում։