ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 17-ին տեղի է ունեցել Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանի և Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության (ԳԱԱԳ) տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը:
Իր խոսքում Իռա Փանոսյանը նշել է, որ ծրագրի մեկնարկային փուլում 2019 թվականի աշնանը՝ 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարում» ռիսկերից ապահովագրման ենթակա էր երկու մշակաբույս՝ ծիրանը և խաղողը: Կարկուտի և հրդեհի դեպքում ընտրվել է 6 մարզ (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ), գարնանային ցրտահարման դեպքում՝ 2 մարզ (Արարատ, Արմավիր):
2020 թվականի փետրվարի 5-ից ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ընդգրկվել են նաև խնձորը, դեղձը, աշնանացան գարի/ցորենը և գարնանացան գարի/ցորենը:
«Այս ծրագիրը գյուղատնտեսության ոլորտում իրականացվող կարևորագույն ծրագրերից մեկն է, որը մշակելիս բավական բարդ աշխատանք է իրականացվել: Նախկինում, երբ տարերային աղետներ էին տեղի ունենում, գյուղացիների բողոքների արդյունքում նրանց տրամադրվում էր փոքր ծավալով փոխհատուցում, որը հնարավորություն չէր տալիս նրանց հաջորդ տարի սկսել գյուղատնտեսական գործունեությունը, մինչդեռ այս ծրագրով աղետի դեպքում ստացվող փոխհատուցումը թույլ կտա գյուղացիներին արդյունավետ գործունեություն իրականացնել», - նշել է Իռա Փանոսյանը:
Նա տեղեկացրել է, որ «կարկուտ և հրդեհ» ռիսկերից ապահովագրվելու դեպքում պետական սուբսիդիան կազմում է 50%, «գարնանային ցրտահարում» ռիսկից ապահովագրելու դեպքում` 60%, իսկ երկու ռիսկից ապահովագրելու դեպքում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում է հավելյալ 10% զեղչ:
Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ ըստ 5 ռիսկային գոտիների։ Ընտրվել է փոխհատուցման ծախսերի 5 մակարդակ՝ հիմնվելով 1 հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա՝ ըստ ապահովագրված մշակաբույսի:
ԳԱԱԳ-ի տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանն իր հերթին նշել է, որ ներկա դրությամբ արդեն իսկ վաճառվել է առավել քան 200 ապահովագրական պոլիս, ծրագրի հանդեպ առավել մեծ հետաքրություն են ցուցաբերում հատկապես Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչները:
Նա հիշեցրել է, որ ընթացիկ գյուղատնտեսական տարում խաղողի և ծիրանի համար ապահովագրական պայմանգիր կնքելու ժամկետներն են․ կարկուտի և հրդեհի դեպքում՝ մինչև մարտի 25-ը, իսկ գարնանային ցրտահարման դեպքում՝ մինչև փետրվարի 21-ը: Խնձորի համար (կարկուտ) ապահովագրական պայմանգիր կնքելու վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 20-ը, իսկ հացահատիկային մշակաբույսերի համար վերջնաժամկետը մայիսի 1-ն է: Փորձնական ծրագրի բարեհաջող ու արդյունավետ ընթացքի դեպքում նախատեսվում է մշակաբույսերի ցանկն աստիճանաբար ընդլայնել:
Գյուղապահովագրության ծրագրից օգտվելու համար տնտեսվարողները կարող են դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:
Ասուլիսի բանախոսներն ընդգծել են, որ ծրագրում ընդգրկված մարզերի այն գյուղացիները, որոնք չեն օգտվի գյուղապահովագրությունից, ստիպված կլինեն ինքնուրույն կրել բնական աղետների հետևանքով ստացված վնասի ֆինանսական պատասխանատվությունը։