Խաղողի բարձրաժեք գինեմետ սորտերի այգետարածքներն ընդլայնելու նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը 2019 թվականի ընթացքում Վայոց Ձորի մարզում իրականացրել է հողերի մոնիթորինգի պիլոտային ծրագիր, որի արդյունքներն ամփոփվել են օրերս։
Ամփոփիչ միջոցառմանը ներկա է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։
Ծրագրի իրականացման ընթացքում թիրախավորվել և ուսումնասիրվել է ավելի քան 7000 հա հողատարածք։ Դաշտային այցելությունների և հեռահար զոնդավորման տեխնոլոգիաների միջոցով վերհանվել և քարտեզագրվել են խաղողի բարձրարժեք գինեմետ սորտերի տնկման համար պիտանի համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողակտորները:
Մշակվել են վերհանված տարածքների քարտեզները և անձնագրերը, որոնց աշխարհագրական և տառաթվային առավել կարևոր բնութագրիչները կամփոփվեն համապատասխան տվյալների բազայում։
Այս ծրագիրը հնարավորություն կտա Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամին իրականացնելու առավել արդյունավետ ներդրումային քաղաքականություն և խթանել նոր այգետնկումները։