ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ստորաբաժանումների ղեկավարների հետ` գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացիկ արդյունքներն ամփոփելու և 2020 թվականին նախատեսվող նոր նախաձեռնությունները քննարկելու նպատակով:
Հանդիպման սկզբում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը համառոտ անդրադարձել է 2019 թվականին մեկնարկած պետական օժանդակության ծրագրերին, որոնք միտված են ապահովել գյուղատնտեսական գործունեության բարձր արդյունավետություն և խթանել ագրարային ոլորտի հետագա զարգացումը: Նոր նախաձեռնությունների թվում փոխնախարարը հատկապես կարևորել է 2019-2023 թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, 2019-2024 թթ. տավարաբուծության զարգացման, փոքր և միջին «խելացի» անասնաշենքների կառուցման, փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրերը:
Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությանը և գործողությունների պլանին, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացիկ աշխատանքներին: Իր խոսքում նախարարի տեղակալը մատնանշել է նաև գործող մի շարք ծրագրերում իրականացված փոփոխությունները, որոնք կնպաստեն այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
Նախարարության կողմից մշակված և առաջիկայում նախատեսվող ծրագրերի թվում Արտակ Քամալյանը, մասնավորապես, նշել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրը, որն ուղղված է հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի ստեղծմանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակի, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության ապահովմանը:
Ընդգծելով թիմային աշխատանքի կարևորությունը` փոխնախարարը վստահություն է հայտնել, որ նախարարության ստորաբաժանումների համատեղ ջանքերով և համակարգված աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի գյուղատնտեսության ոլորտում հասնել ավելի բարձր արդյունքների: