ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մասնակցել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Չինաստանի արդյունաբերական ասոցիացիայի կողմից կազմակերպվող՝ էկոդիզայնի երկրորդ համաշխարհային համաժողովին և աշխատաժողովին։ Վերջինս անցկացվել է Չինաստանի Գուանչժոու քաղաքում: Համաժողովի նպատակն է խթանել անհատական և էկոլոգիական արդյունաբերական նմուշի կիրառումը՝ բարձրացնելու մրցունակությունը և նվազեցնելու ածխածնի արտանետումները:
Իր ելույթում Նաիրա Մարգարյանը շեշտել է նորարարության կարևորությունը արդյունաբերության և կարողությունների կայուն զարգացման համատեքստում։ Նա համառոտ ներկայացրել է նաև նորարարությունների իրազեկության բարձացման նպատակով Հայաստանում իրականացվող ծրագրերը։
Այցի շրջանակում Նաիրա Մարգարյանը մասնակցել է «UNIDO ECO DESIGN LEADING TALENT» վերապատրաստման դասընթացի ծրագրի մրցանակաբաշխության արարողությանը՝ հանձնելով մրցանակ «Kitchen Idea» անվանակարգում։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպում է ունեցել Չինաստանի արդյունաբերական ասոցիացիայի փոխնախագահ Ֆանգթիան Յինգի հետ։ Զրուցակիցները քննարկել են նորարարական մոտեցումների կիրառման հնարավորությունները տնտեսության տարբեր ոլորտներում։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը Էկո դիզայնի բնագավառում: