ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզի պատվիրակությանը, որի կազմում էին Տուլայի մարզի պետական պաշտոնյաներ, արդյունաբերության, զբոսաշրջության, էկոլոգիայի, գիտության և մշակույթի ոլորտներին առնչվող կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում Տուլայի մարզի պատվիրակության անդամները, առևտրատնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցություն իրականացնելու նպատակով, ներկայացրել են իրենց մարզի հնարավորությունները, մասնավորապես` նավթագազային արդյունաբերության ոլորտում «Մեխմաշ» ընկերության մեքենաշինության արտադրության ներուժը, թռչնաբուծության և պարարտանյութերի արտադրության բնագավառում «Կրասնոբոր» ՓԲԸ-ի կողմից կիրառվող նորամուծությունները, «Արտաքին տնտեսական գործունեության իրականացմանն աջակցող կազմակերպության» կողմից առաջարկվող հեռանկարային կոոպերացիոն ծրագրերը, ինչպես նաև զբոսաշրջության և մշակույթի ոլորտների կազմակերպությունների` հայկական կողմի համար հնարավոր հետքրքրություն ներկայացնող մի շարք նախագծեր:
Նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերներին հետաքրքիր նախագծերի ներկայացման համար և նշել, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամ է աջակցել համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Փոխնախարարն առաջարկել է դիտարկել առևտրատնտեսական ոլորտին առնչվող համապատսխան փաստաթղթի ստորագրման հնարավորությունը և նշել, որ նման փաստաթուղթը կարող է նոր թափ հաղորդել Տուլայի մարզի հետ զբոսաշրջության, արդյունաբերության, առևտրի և այլ ոլորտներում փոխգործակցությանը՝ նպաստելով կապերի խորացմանը և ընդլայնմանը:
Կարևորելով գործակցության ակտիվացման անհրաժեշտությունը` կողմերը պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել ներդրումային ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև երկուստեք աջակցել գործարարների միջև կապերի ամրապնդմանը: