Նոյեմբերի 29-ին Երևանում մեկնարկել է «Նորաձևության և տեքստիլ արդյունաբերության կայուն էկո-համակարգ Հայաստանում» ծրագիրը։ Այն ֆինանսավորվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման Հիմնադրամ»-ի (GGF) կողմից՝ բրիտանացի ժողովրդի տրամադրած աջակցությամբ։ Ծրագրի հիմնական միջազգային գործընկերներն են «Eco-Age» և «Fashion Scout» բրիտանական կազմակերպությունները: Ծրագիրն իրականացնում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն։
Երկամյա ծրագրի նպատակն է բարելավել նորաձևության և տեքստիլ ոլորտների տեխնիկական և գործարար հմտությունները, ընդլայնել ոլորտի ներկայությունը տեղական և միջազգային շուկաներում, ստեղծել նոր աշխատատեղեր և վերամշակման մոդելի վրա հիմնված կայուն մատակարարման արդյունաբերական ցանց:
Կայունությունն ապահովելու նպատակով ծրագիրը ստեղծելու է պետություն-մասնավոր հատված երկխոսության մեխանիզմներ ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ոլորտի այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը, հայ դիզայներներ և տեքստիլ ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի տեղական և միջազգային գործընկերներ։
Իր ողջույնի խոսքում Նաիրա Մարգարյանն ասել է․ «Այս նախագիծը շատ կարևոր է մեր նախարարության համար, քանի որ ներառում է բոլոր այն բաղադրիչները, որոնք մեր ուշադրության կենտրոնում են։ Տեքստիլ արտադրությունը երկրի տնտեսության կարևոր ուղղություններից մեկն է: Ես հույս ունեմ, որ այս նախագծի շրջանակում ոչ միայն սոցիալապես պատասխանատու ձեռնարկություններ կլինեն, այլև կստեղծվեն սոցիալական ձեռնարկություններ: Բացի դրանից՝ ինձ շատ ուրախացնում է կանանց մասնակցությունը, և հուսով եմ, որ այս նախագիծը կնպաստի նրանց ստեղծարար գաղափարների իրականացմանը»:
«Ես շատ ուրախ եմ, որ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամը» ֆինանսավորում է այս յուրօրինակ ծրագիրը, որը տնտեսական և բնապահպանական առումով կնպաստի Հայաստանի կառավարության՝ կայուն զարգացում ապահովելու ջանքերին։ Այս ծրագիրը միավորում է Հայաստանի և Բրիտանիայի հիանալի ստեղծագործ միտքը։ Ոչ պակաս կարևոր է, որ ծրագիրը նաև խթանում է կանանց ձեռներեցությունը՝ նրանց համար ստեղծելով եկամտի և աշխատանքի հնարավորություններ»,- նշել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Դեյվիդ Մորանը:
Ծրագիրը նախատեսված է կայացած և սկսնակ դիզայներների, տեքստիլ արդյունաբերության խոշոր և ՓՄՁ ընկերությունների, ուսանողների ու դասախոսների համար: Այն խթանելու է նաև կանանց և երիտասարդների համար բարձր վարձատրությամբ նոր աշխատատեղերի ստեղծումը, բարելավելու է կառավարման հմտությունները: