ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ նոյեմբերի 7-ին կազմակերպվել է «Ճագարաբուծությունը որպես բիզնես, հնարավոր ռիսկերն ու եկամուտները» խորագրով հանդիպում-քննարկում, որը վարել է ճագարաբուծության ոլորտում բազմամյա փորձ ունեցող փորձագետ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը:
Միջոցառման ընթացքում բանախոսը համառոտ ներկայացրել է ճագարաբուծության առանձնահատկությունները, Հայաստանում այս ճյուղի զարգացման հեռանկարները, խոսել բիզնեսի զարգացման տեսանկյունից ներդրումների անհրաժեշտության, հնարավոր ռիսկերի և եկամուտների մասին:
Բանախոսն անդրադարձել է ճագարաբուծության ոլորտում առկա խնդիրներին, այդ թվում` կերարտադրության զարգացմանը, նշել առաջարկներ այս ուղղությամբ:
Իր իսկ հիմնած ֆերմայի օրինակով Դավիթ Դավթյանը ներկայացրել է, թե ինչպես գրագետ և ճիշտ կազմակերպված աշխատանքի և կենդանիների համար բարենպաստ պայմանների ստեղծման շնորհիվ կարելի է ապահովել բարձր եկամտաբերություն և զարգացնել ճագարաբուծական տնտեսությունները:
Դավիթ Դավթյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, տրամադրել խորհրդատվություն ոլորտին առնչվող տարբեր խնդիրների վերաբերյալ: