ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը մասնակցել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում հանուն մասնագիտական կրթություն և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը և այլ պաշտոնյաներ:
Նաիրա Մարգարյանն իր խոսքում նշել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը ողջունում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցության խթանում` հանուն ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման արդյունավետ հնարավորությունների» ծրագիրը և ավելացնել է, որ ծրագիրն ուղղված լինելով Հայաստանի Սյունիքի և Լոռու մարզերում գյուղատնտեսական մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրմանը՝ լիովին համապատասխանում է ՀՀ կառավարության առաջ քաշած գիտելիքահեն տնտեսություն կառուցելու օրակարգին:
«ՄԿՈՒ-ն այն ոլորտն է, որը նպաստելով կրթության և մասնավոր հատվածի գործընկերության ամուր կապի ձևավորմանը, միտված է արագ ու թիրախային գիտելիքներով ու հմտություններով զինել մասնագետներին և աշխատանքին պատրաստ աշխատուժ տրամադրել: Միևնույն ժամանակ, մենք թիրախավորում ենք ՄԿՈՒ-ն որպես ձեռներեցության մտածողության զարգացման համար արդյունավետ հարթակ՝ ներարկելով սովորողների մոտ նորարարական ու քննական մտածողության մոտեցումներ, օգնելով ձեռք բերել այն հմտությունները, որոնք ապագայում պիտի տրանսֆորմացվեն ՀՆԱ-ի։ Այսօր սկիզբ է առնում ծրագիր, որի շնորհիվ ներդնելով նոր մոդել անասնաբուժության և կաթի տեխնոլոգիաների մասնագիտություններում, այն կարող է շոշափելի ավանդ ունենալ գյուղատնտեսության ոլորտում՝ խթանելով պրակտիկ գիտելիքներով հարուստ մասնագետների պատրաստումը։ Միևնույն ժամանակ այս ծրագիր շնորհիվ Սյունիքի և Լոռու մարզերի մասնավոր հատվածի ձեռնարկություններն ավելի լայն հասանելիություն կստանան իրենց աշխատակիցներին մասնագիտական կարողությունների զարգացման ապահովման և վերապատրաստման դասընթացների կազմակերպման համար», - նշել է փոխնախարարը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի, ՄԿՈՒ հաստատությունների, ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների և դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:
Ծրագրի նպատակն է նպաստել կայուն և ներառական սոցիալ-տնտեսական զարգացմանը` ՄԿՈՒ- բիզնես համագործակցության կայացման միջոցով` խթանելով աշխատանքի վրա հիմնված ուսուցումը և բարելավելով Հայաստանի Լոռու և Սյունիքի մարզերի ՄԿՈՒ հաստատությունների կարողությունները:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է մշակել աշխատանքի վրա հիմնված ուսուցման /ԱՀՈՒ/ այնպիսի նորարարական մոդել, որը կնպաստի երիտասարդների զբաղվածության խթանմանը և կնվազեցնի մասնագիտական հմտությունների և աշխատաշուկայի պահանջարկի միջև եղած անհամապատասխանությունը, ինչպես նաև կխթանի համագործակցությունը ՄԿՈՒ հաստատությունների և մասնավոր հատվածի միջև: