ՀՀ կառավարությունը հուլիսի 16–ին հաստատել է «Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը»
Ներկայացնելով ծրագի նախագիծը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ծրագրի ընդունման կարևորվությունը պայմանավորված է ոլորտում միասնական քաղաքականության, բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման անհրաժեշտությամբ: Նախարարի խոսքով, Հայաստանի կապիտալի շուկան դեռևս սահմանափակ է՝ թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով և երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ: Նա տեղեկացրել է, որ 2020 թվականի սկզբի դրությամբ շուկայի հիմնական մասը զբաղեցնում են ՀՀ պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ-ի 11%-ը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը և բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում են համապատասխանաբար ՀՆԱ-ի մոտ 3,4% և 2,3 %–ը:
«Այս ցուցանիշները էական բարելավման պոտենցիալ ունեն։ Առկա իրավճակում պետական կառույցները պետք է առաջնորդող դեր կատարեն և տարբեր գործիքների միջոցով խթանեն շուկայի զարգացումը։ Դրա համար անհրաժեշտ պայման է պետական գերատեսչությունների ջանքերի համատեղումը և նպատակային ու հաջորդական միջոցառումների իրականացումը։ Այս սկզբունքից ելներով` փաստաթուղթը մշակվել է Ֆինանսների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի հետ համատեղ աշխատանքների արդյունքում, զգալի խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել նաև Արժույթի միջազգային հիմնադրամը», – ասել է Տիգրան Խաչատրյանը։
Նախարարը տեղեկացրել է, որ նախագիծն ամփոփում է Հայաստանում մասնագիտական հանրության, ոլորտի փորձագետների, պոտենցիալ թողարկողների, ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, կարգավորող շուկայի օպերատորի և Կենտրոնական դեպոզիտարիայի դիրքորոշումը և կապիտալի շուկայի հիմնական խնդիրների լուծման ուղղությամբ վերջիններիս կողմից կատարված առաջարկությունները։
Ծրագրի առաջարկվող նախագիծը կազմված է երկու մասից. Հայաստանում կապիտալի շուկայի դիագնոստիկ վերլուծությունից և դրանց վրա կառուցված գործողությունների ծրագրից` հստակ ժամկետներով, առաջնահերթություններով և պատասխանատուների սահմանմամբ
Նախագծի վերլուծական մասը և գործողությունների ծրագիրը կառուցված են ըստ կապիտալի շուկայի պահանջարկի` առաջարկի կողմերի զարգացման, կապիտալի շուկայի ենթակառուցվածքների կարգավորող և վերարահսկողության դաշտի վերաբերյալ հիմնական հատվածներից։
Շուկայի առաջարկի խթանման մասում ֆինանսական գործիքներին վերաբերող գործողությունները դասավորված են ընտ միջազգային պրակտիկայում ընդունված զարգացման տրամաբանության` պետական պարտատոմսերի շուկա, դրամական շուկա, ոչ պետական պարտատոմսերի և բաժնետոմսերի շուկա, այնուհետև` էջավորման գործիքներ։
Ներկայացնելով ծրագրի հիմնական մասերը և գաղափարախոսությունը, Տիգրան Խաչատրյան նշել է, որ առանց դրամական շուկայի գործիքների, պետական պարտատոմսերի, լիկվիդային և բավարար խորությամբ շուկայի ձևավորման մասնավոր թողարկումները բավականաչափ արագ զարգանալ չեն կարող։
Ծրագրի Կապիտալի շուկայի պահանջարկի մասում ներկայացվում են ներդրողների բազայի ընդլայնմանն առնչվող խնդիրներ և միջոցառումներ, այդ թվում` կայացած ինստիտուցիոնալ ներդրողների մուտքի խթաններ ստեղծելու եղանակով։
Կապիտալի շուկայի ենթակառուցվածքի հատվածը բաղկացած է առևտրային համակարգի, ֆոնդային բորսա և դեպոզիտար ենթակառուցվածքի բարելավման վերաբերյալ ենթաբաղադրիչներից, որոնք թիրախավորում են ինչպես շուկայում մատուցվող ծառայությունների տեխնիկական հագեցվածությունն, այնպես էլ դրանց համապատասխանեցումը կիրառելի միջազգային ստանդարտներին։
Կապիտալի շուկայի կարգավորման և վերահսկողության հատվածը թիրախավորում է կորպորատիվ օրենսդրության ֆինանսական գործիքների նկատմամբ կիրառելի հարկային դաշտի, ինչպես նաև վերահսկողության և ռիսկերի կառավարելի համակարգերի գնահատումն ու բարելավումը։
Նախագծի գործողությունների ծրագրում ներառված միջողատումների ժամկետները սահմանվել են` հիմք ընդունելով դրանց տրամաբանական հաջորդականությունը և փուլային եղանակով ծրագրի իրականացման կարևորությունը։
Ելներով այն հանգամանքից, որ շուկայական հավելյալ ռիսկերի ստեղծումից պետք է խուսափել և իրացվելիություն ու բնականոն զարգացում ապահովել` այդ առումով հաշվի են առնվել հենց այն առաջբահերթությունները, որոնք վերաբերում են շուկայի եռաշերտ զարգացման հեռանկարին, այսինքն` պետական պարտատոմսեր, կորպորատիվ պարտատոմսեր և կորպորատիվ բաժնետոմսեր։
«Մենք կարծում ենք, որ այս ծրագրի հաստատմամբ շուկան կստանա զարգացման էապես ավելի բարելավված միջավայր, տեղի կունենա այնպիսի գործիքների ներդրում, որոնք կապահովեն ձևաևոևվող խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում և թույլ կտան բնակչությանը մասնակցել իրականացվող ներդրումային ծրագրերին և այդպիսով ընդլայնել դրանցից եկամուտներ ստանալու հնարավորությունը», – ավարտելով նախագծի ներկայացումը, իր խոսքը եզրափակել է Տիգրան Խաչատրյանը։