ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 15-ին հերթական հանդիպումն է անցկացրել Հայաստանում ցորենի սերմ ներկրողների հետ` ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության պիլոտային ծրագիրը ներկայացնելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Բաբայանը:
Ծրագրով առաջարկվում է աշնանացան ցորենի էլիտա և/կամ առաջին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում, որի արդյունքում սերմերը ձեռք կբերվեն շուկայականից առավել ցածր գներով։ Ծրագրին կարող են մասնակցել Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսվարողները։ Տրամադրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը 1 կգ սերմի համար կկազմի 70 դրամ:
«Այս ծրագիրը տարբերվում է ոլորտում իրականացված նախորդ ծրագրերից: Նախկինում Կառավարությունը հայտարարում էր գնման գործընթաց, մասնակցելու ցանկություն ունեցող մատակարարները դիմում էին ծրագրին և միայն մեկ մատակարար էր տրամադրում ծրագրի համար պահանջվող ամբողջ քանակը: Այդ մոտեցումը մեզ համար ընդունելի չէ, որովհետև մենք ցանկանում ենք, որպեսզի շուկան լինի մրցակցային, որպեսզի խթանենք տեղական սերմերի արտադրությունը, կարողանանք ավելի սերտ կապ ստեղծել ֆերմերի և մատակարարի միջև», - նշել է փոխնախարարը և ընդգծել, որ այս ծրագրի առանձնահատկություններից է նաև սերմ արտադրողների և սերմ ներկրողների համար ստեղծված հավասար պայմանները:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ մարզպետարաններն արդեն հավաքագրել և նախարարությանը տրամադրել են տեղեկատվություն բարձրորակ սերմերի և սորտերի հնարավոր պահանջարկի վերաբերյալ:
Նաև նշվել է, որ ծրագրին մասնակցելու համար մատակարարները պետք է մինչև հուլիսի 20-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն, և ծրագրում ընդգրկված մատակարարների ցանկը մինչև հուլիսի 22-ը կհրապարակվի նախարարության կայքում։ Մատակարարները սերմերի վաճառքը պետք է իրականացնեն հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի 15-ը։
Ծրագրի շրջանակում մատակարարներն ու տնտեսվարողները նույնպես կարող են իրենց կողմից արտադրված կամ ներմուծված սերմերով ցանք կատարել և ստանալ սուբսիդիա կամ փոխհատուցում։
Փոխնախարար Արման Խոջոյանն ու համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ ծրագրի վերաբերյալ: