Գյուղացիների 10 տոկոսը պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ. նախարարը կարևորեց ոչ գյուղատնտեսական աշխատանքների ստեղծումը գյուղում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ գյուղացիների ընդամենը 10 տոկոսը պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ, գյուղական վայրերի բնակչության համար պետք է ստեղծեն ոչ գյուղատնտեսական աշխատանքներ, գյուղացիներն էլ իրենց փոքր հողակտորները պետք է տան այն մարդկանց, որոնք պլանավորում են խոշոր գյուղատնտեսությամբ զբաղվել: Նախարարը նման տեսակետ հայտեց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

-Պարոն Քերոբյան, դուք որպես նորանշանակ նախարար՝ տնտեսության որ ոլորտն եք համարում առաջնահերթություն, օրինակ՝ գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և այլն: Ձեզ համար սահմանե՞լ եք արդեն գերակայությունները:

-Մի քանի գերակա ոլորտ կա: Գյուղը և գյուղատնտեսությունը տարբեր բաներ են: Գյուղատնտեսությունը գյուղի միայն մի մասը պետք է լինի: Որպեսզի մենք ունենանք արդյունավետ գյուղատնտեսություն, մեզ պետք է, որ գյուղում գյուղացիների ընդամենը 10 տոկոսը զբաղվի գյուղատնտեսությամբ, մյուս բոլորի համար մենք պետք է ստեղծենք նոր՝ ոչ գյուղատնտեսական աշխատանքներ: Դրա համար շատ լավ հնարավորություն կա, որովհետև հիմա բազմաթիվ ընկերություններ հեռավար կամ կիսահեռավար են աշխատում: Օրինակ, Call center-ի աշխատակիցները չեն գալիս, նստում մի տեղ, այլ մարդիկ տնից աշխատում են: Այս պարագայում ոչ մի նշանակություն չունի՝ այդ մարդը նստած է Երևանում, թե, օրինակ, Մարալիկում: Եվ, ընդհանրապես, գործատուի տեսանկյունից շատ ավելի ձեռնտու է, երբ այդ մարդը նստած է, օրինակ, Մարալիկում, քանի որ այն աշխատավարձը, որը Երևանում միջին աշխատողին չի գոհացնում, կարող է համարվել շատ լավ աշխատավարձ Մարալիկում մի մարդու համար, որը նոր է ավարտել ԲՈՒՀ-ը կամ նույնիսկ չի էլ ավարտել: Մենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ քննարկում ենք վերապրոֆիլավորումը մարդկանց՝ դեպի IT ինդուստրիա: ԲՏԱ նախարարությունն ունի շատ մեծ նախագիծ, 5000 մարդու կրթում է, որ նրանք մտնեն IT ոլորտ: Եվ այստեղ կարևոր է, որ մենք առաջարկենք վերապրոֆիլավորման գործիքներ: Օրինակ, եթե նախարարությունում աշխատող մի մարդ, որն ուզում է վերապրոֆիլավորվել, կարողանա դուրս գալ, ունենա սովորելու ժամանակ: Այսինքն՝ մենք պետք է սովորելու ընթացքում ապահովենք նաև նրա կեցությունը: Հիմա նախագծում ենք վերապրոֆիլավորման պրոդուկտ, որի շնորհիվ մարդը, օրինակ, այսօր կարող է որոշել դուրս գալ իր աշխատատեղից, կաշկանդված չլինել իր եկամուտների անկմամբ, ունենալ բավարար ժամանակ՝ սովորելու և նոր աշխատանք գտնելու: Իսկ նոր աշխատանք գտնելը հնարավոր է, որովհետև IT ինդուստրիայում կա կադրերի քրոնիկ դեֆիցիտ: Եվ եթե ունենաս գիտելիք՝ աշխատանք կգտնես: Այստեղ մենք նաև գյուղն ենք ընդգրկելու:

Գյուղում շատ լուրջ ուշադրություն ենք դարձնելու նաև տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը: Հիմա մեծ նախագիծ ենք խթանելու, որի շնորհիվ առաջարկելու ենք զբոսաշրջությամբ հետաքրքրվող ներդրողներին զբոսաշրջային օբյեկտ կառուցել, և այդ պարագայում պետությունը կզբաղվի տվյալ վայրում ենթակառուցվածքների զարգացմամբ: Օրինակ, եթե կա մի լավ տեղ, ջրվեժ, որի կողքին ոչինչ չկա, քանի որ ճանապարհը լավը չէ, մենք ասում ենք՝ եթե ինչ-որ մեկը կցանկանա այդտեղ տուրիստական օբյեկտ սարքել՝ հյուրանոց, ձկնորսական ավան կամ այլ բան, ապա մենք պատրաստ ենք ճանապարհը սարքել, լույսը, ջուրը քաշել: Այս առումով պետությունն իր մասնակցությամբ խթանում է զբոսաշրջային ուղղությունների ավելացումը: Օրինակ, Գեղարոտի ջրվեժ հասնելը շատ բարդ է: Մենք ճանապարհը կսարքենք, որ դա դառնա լավ վայր, ինչ-որ մեկն էլ կկառուցի հյուրանոց, ռեստորան և այլն: Այս զարգացումներով մենք տուրիզմի ոլորտում խթանելու ենք հարյուրավոր, միլիոնավոր դոլարների ներդրումներ՝ մոտ ապագայում:

Չպետք է նաև մոռանալ մի շատ կարևոր բան․ Հայաստանում հիմա կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք այս կամ այն պատճառով շուկա չեն հասել, ներդրումային փուլը չի սկսվել, քանի որ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով իրենց ծրագիրն ինչ-որ մի կաբինետում մնացել է: Եվ հիմա, իմ, մեր թիմի գերխնդիրներից մեկն այն է լինելու, որպեսզի շատ արագ այս ծրագրերը հասցնենք ծնվելու պրոցեսի, հիմա դրանք սաղմնային վիճակում են:

-Պատերազմական գործողությունների հետևանքով Արցախում կորցրեցինք տարածքներ, դրանցից շատերում գյուղատնտեսական մթերքներ էին աճեցվում, մասնավորապես ցորենն էր գալիս Հայաստան: Տնտեսագետները կարծում են, որ այս առումով խնդիրներ կառաջանան, շատ մթերքներից զրկվում ենք: Հակաճգնաժամային ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում, որ կոմպենսացնենք այս վնասը:

-Գյուղատնտեսության առումով Արցախի ՀՆԱ-ն էական է, բայց դա շատ մեծ տոկոս չի կազմում. կոպիտ ասած՝ մենք չենք ստանա այնպիսի հարված, որը շատ ցավոտ կլինի: Հայաստանի համապատասխան ոլորտներում մեծ կշիռ ունեցող ցորենի ու նռան առումով ունենք լավ արտաքին առևտրային գործընկերներ, որոնց հետ կկարողանանք կոմպենսացումն անել: Ինչ վերաբերվում է ընդհանուր գյուղատնտեսական ծրագրերին, ապա մենք 2020-ին ունեցել ենք շատ արդյունավետ աշխատող գյուղատնտեսության աջակցության ծրագրեր, որոնք փոքր-ինչ ձևափոխված կշարունակվեն նաև 2021-ին, և իհարկե կավելացվեն նորերը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերները: Օրինակ, քննարկում ենք սահմանամերձ բնակավայրերում բազմամյա մշակաբույսերի ծրագրի ստեղծման հարցը:

-Կարծում եք մարդիկ կվտանգե՞ն իրենց՝ այդ տարածքներում աշխատելով:

-Այս պայմաններում Տավուշը, Գեղարքունիքն ապրել են երկար տարիներ: Եվ այնտեղ կյանքը չի կանգնել, աշխատանքները եղել են: Մենք պետք է ընդունենք այն իրավիճակը, որը կա, և փորձենք այս նոր իրավիճակում ստեղծել նոր տնտեսություն: Չենք առաջարկում ստեղծել լոլիկի, վարունգի դաշտեր, որտեղ ամենօրյա գյուղատնտեսական աշխատանքների կարիք կա, այլ բազմամյա մշակաբույսեր, որոնք մեկ անգամ ցանում ես և տարվա վերջին գալիս, հնձում ես:

-Ի՞նչ ծրագիր պետք է լինի:

-Ըստ երևույթին սուբսիդավորվող վարկեր կունենանք, ծրագիրը կխրախուսի այդ մարդկանց սահմանամերձ գոտիներում գյուղատնտեսությունը շարունակել:

-Հայաստանում ունենք շատ անմշակ հողեր, Արցախում կորուստ ունեցանք, հիմա ի՞նչ կարելի է անել՝ մարդկանց ոգևորելու, որ մշակեն այդ հողակտորները:

- Հայաստանում կա 2 մլն հա գյուղատնտեսական նշանակության հող, դրա փոքր մասն է մշակվում այսօր: 440 հազար հա վարելահողի մոտ 50 տոկոսն է օգտագործվում: Մեր խնդիրը գյուղատնտեսության խոշորացումն է, որը մենք փորձելու ենք լուծել՝ նաև գյուղում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերը խթանելով, որպեսզի գյուղում մարդիկ գյուղատնտեսությունից տեղափոխվեն այլ աշխատանքի և իրենց փոքր հողակտորները տան այն մարդկանց, որոնք պլանավորում են խոշոր գյուղատնտեսությամբ զբաղվել: Նաև հողային ռեֆորմն ենք հիմա ընթացքի մեջ դրել, որի արդյունքում մի քանի տարվա մեջ ինքնըստինքյան կխոշորանա գյուղատնտեսությունը: Այսինքն՝ մենք այնպես ենք անելու, որ մարդիկ կամ մշակեն հողը, կամ տան մշակելու:

Armenpress.am

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00