Եթե ունեք կամ ցանկանում եք ստանալ հիփոթեքային վարկ՝ բնակարան ձեռք բերելու, անհատական բնակելի տուն կառուցելու կամ գնելու նպատակով, ապա կարևոր է իմանալ․
- Հիփոթեքային վարկերի տոկոսները վերադարձվում են վճարված եկամտային հարկի գումարների չափով, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 միլիոն դրամը /ՀՀ հարկային օրենսգիրք, 160-րդ հոդված/
- Տարիների ընթացքում նվազում է հիփոթեքային վարկերի վճարվող տոկոսների գումարների չափը և ավելանում է մայր գումարների չափը։
- Եթե ֆիզիկական անձը չի հանդիսանում կամ դադարում է հանդիսանալ վարձու աշխատող, ապա համապատասխանաբար չի օգտվում կամ դադարում է օգտվել եկամտային հարկի վերադարձման համակարգից:
Եկամտային հարկը չի վերադարձվում /ՀՀ հարկային օրենսգիրք, 160-րդ հոդված/
- 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Կառավարության որոշմամբ սահմանված շինությունների տարածագնահատման Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում:
- 2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով՝ Երևան քաղաքի երկրորդ գոտում։
- 2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով՝ Երևան քաղաքի երրորդ գոտում։
- 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձ չի գործելու Երևանի տարածքում։
Նշված սահմանափակումները չեն կիրառվում մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ընդունված որոշումներով ստացված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցված (կառուցվող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների կամ անհատական բնակելի տների նկատմամբ, ինչպես նաև մինչև վերոնշյալ փոփոխությունն ստացված հիփոթեքային վարկերի շրջանակում եկամտային հարկի գումարների հետագա վերադարձի նկատմամբ:
Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին պետք է ներկայացնեն առձեռն կամ փոստով։
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
- Եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ
- վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ,
- վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում),
- հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը, հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի կամ գույքի կառուցապատման իրավունքի) պետական գրանցման վկայականը:
- կառուցապատողի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն։
- բնակարանի կամ անհատական բնակելի տան առուվաճառքի պայմանագիր կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին կամ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի բնօրինակ։
Պետական եկամուտների կոմիտեի կողմից եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո, անհրաժեշտ է գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» և ուղարկել էլեկտրոնային դիմումն ընդհանուր սահմանված կարգով:
Վարկառուն էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից բացի հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնում, բացառությամբ ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում:
Տվյալ դեպքում մինչև էլեկտրոնային եղանակով դիմումն ուղարկելը հարկային մարմին թղթային եղանակով ներկայացվում է հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) պաշտոնական կայք։