Դեկտեմբերի 10-ին կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը։ Ի թիվս այլ որոշումների, գործադիրը հավանություն է տրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին։
Փոփոխություններով նախատեսված է կարգավորել հեղուկացված ածխաջրածնային գազերի իրացման ժամանակ առաջացած անհամապատասխանությունները, նաև տվյալ արտադրանքի վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ ծագող հարաբերությունները։ Մասնավորապես, սպառողները կստանան համապատասխան տեղեկատվություն հեղուկացված ածխաջրածնային գազի տեսակի մասին, ինչը վերջիններիս հնարավորություն կընձեռի ձեռք բերելու պատշաճ որակի անվտանգ արտադրանք։ Փոփոխություններով նախատեսված է նաև սահմանել համայնքների վարչական տարածքում ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության տեղական տուրքը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվել է նաև նախարարության կողմից ներկայացված «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծը։