Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի է ունեցել «Լիզինգը որպես գործարար միջավայրի բարելավման, ներդրումների խրախուսման, արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման ֆինանսական գործիք» թեմայով առցանց մամուլի ասուլիսը։
Ասուլիսի բանախոսներն էին․ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈՒՎԿ ՓԲԸ համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Բազիկյանը և Գործարարության աջակցման գրասենյակի իրավախորհրդատու Իզաբելա Հովհաննիսյանը։
Իր ներածական խոսքում նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը կարևորել է լիզինգի օրենսդրական փաթեթի փոփոխությունները (լիզինգի օրենսդրական դաշտը բարելավող օրենսդրական փաթեթն Ազգային ժողովի կողմից ընդունվել է ընթացիկ տարվա հունիսի 18-ին և ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից), նշելով, որ լիզինգը, որպես ֆինանսական գործիք, շատ կարևոր նշանակություն ունի տնտեսվարողների, քաղաքացիների համար և անհրաժեշտ է, որպեսզի վերջիններս հասկանան դրա առավելությունները և կիրառեն լիզինգն իրենց բիզնեսը կազմակերպելու համար։
Ըստ Նաիրա Մարգարյանի՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ լիզինգի հանդեպ պահանջարկը մոտ 10 անգամ ավելի մեծ է, քան առկա գործարքները։ Նա կարծիք է հայտնել, որ առաջիկա երկու տարվա ընթացքում, վերացնելով օբյեկտիվ խոչընդոտները, հնարավոր կլինի կրկնապատկել և անգամ եռապատկել լիզինգային փաթեթի շրջանառությունը։
Լիզինգի օրենսդրական փաթեթը նախաձեռնել է Գործարարության աջակցման գրասենյակը, փաթեթի մշակման և քննարկման գործընթացն իրականացվել է բոլոր շահագրգիռ պետական մարմինների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների, ինչպես նաև լիզինգային ծառայություններ մատուցող կազմակերպությունների սերտ համագործակցությամբ: