Հունիսի 9-ին առցանց կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 7-րդ աշխատաժողովը, որին մասնակցում էին բնական կերհանդակների ոլորտին առնչվող նախարարությունների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության ՀԳՌԿՄ-2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը և Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը: Բանախոսները ողջունեցին ներկայիս դժվարին պայմաններում Աշխատաժողովն առցանց կազմակերպելու նախաձեռնությունը: Նրանք նաև կարևորեցին Հարթակի գործունեությունը՝ մատնանշելով հատկապես արոտների կայուն կառավարման հայեցակարգի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց «ՀՀ արոտների կառավարման հայեցակարգի» ներկա կարգավիճակը, Հարթակի 2020 թվականի աշխատանքային պլանը, և դրա հետ կապված հետագա քայլերը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից մշակված «Արոտների բարելավման ձեռնարկ»-ը:
Աշխատաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկման արդյունքները կներկայացվեն շահագրգիռ կողմերին և համապատասխան դիտարկումները հաշվի կառնվեն հետագա քայլերի պլանավորման ընթացքում:
ՀՀ Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, ԳՄՀԸ կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ECOserve) ծրագրի, ինչպխես նաևՀամաշխարհային բանկի աջակցմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի համատեղ նախաձեռնություն: