Մայիսի 27-ին կառավարության նիստում հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը։
էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ միջոցառման նպատակն է օժանդակել Հայաստանի քաղաքացիներին և առանձին տնտեսվարողներին հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով:
Միջոցառման շրջանակում նախատեսվում է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը, շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:
«Օժանդակությունը նպատակ ունի ընդլայնել ձեռնարկատիրական գիտելիքները այն անձանց համար, ովքեր որոշել են «զրոյից» բիզնես ստեղծել և նրանց համար ապահովել նաև ֆինանսական որոշակի հասանելիություն։ Այն ձեռներեցները, ովքեր հաջողությամբ կհանդիսանան սկսնակների համար նախատեսված միջոցառումների շահառու և կհաստատեն իրենց ծրագրերի կենսունակությունը, հնարավորություն կունենան իրենց բիզնեսի զարգացման հաջորդ փուլում, իրենց կողմից նորարարական գաղափարներ ավելացնելով ծրագրերին, ընդլայնել կառավարության աջակցությամբ իրականացվող ֆինանսական օգնությունը ու նպաստել զարգացմանը»,- ավելացրել է էկոնոմիկայի նախարարը:
Միջոցառումից կարող են օգտվել ՀՀ տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ` մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում գործունեությունը), որոնք համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված չափանիշներին, աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում, չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» (ՆԱԿ) հիմնադրամի շահառու, եթե դիմել են սույն Միջոցառման սկսնակների համար աջակցությանը, մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրը առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են ՆԱԿ միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են Միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:
Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
- Արժույթը` ՀՀ դրամ,
- Ժամկետը` առավելագույնը 60 ամիս,
- Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար,
- Մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլնդրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար,
- վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7%-ից 10%: