ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովին։
Քննարկվել է Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու առևտրաշրջանառության ավելացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
«Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում, կարևորում է ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում մենք մեծապես կարևորում ենք Բուլղարիայի փորձը եվրոպական ինտեգրման հարցում և պատրաստակամ ենք ընդլայնել գործնական տնտեսական համագործակցությունը Բուլղարիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափերում», - նշել է Գևորգ Պապոյանը։
Նախարարը անդրադարձել է նաև ՀՀ տնտեսության ոլորտի առաջնահերթություններին՝ ընդգծելով արտահանման դիվերսիֆիկացման կարևորությունը, տեղական արտադրանքի որակի բարձրացման անհրաժեշտությունը և դրա համապատասխանեցումը Եվրոպական միության չափանիշներին։
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախաձեռնությունները`ընդգծելով դրանց կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության և երկարաժամկետ խաղաղության համար։