ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մարտի 18-ին մասնակցել է «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի փակման միջոցառմանը:
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքին» ծրագրով ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO) 2022 թվականից աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը չափագիտության համակարգի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ։
Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին, ներդրումների ծավալը կազմել է 4,1 մլն եվրո: Ծրագիրը նպաստել է Հայաստանի որակի ենթակառուցվածքի համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին։
«Ծրագրի ընթացքում իրականացվել է լայնածավալ աշխատանք․ ստեղծվել են չորս նոր, ժամանակակից տրամաչափարկման լաբորատորիաներ՝ յոթ ուղղություններով, որոնցից երեքը ԵՄ ֆինանսավորմամբ ստացել են միջազգային ճանաչում, ինչը հնարավորություն է տալիս չափիչ սարքավորումների ստուգումն ու ճշգրտումը իրականացնել տեղում՝ միջազգային չափանիշներին համապատասխան՝ առանց դրանք արտերկիր ուղարկելու՝ զգալիորեն խնայելով ժամանակն ու ռեսուրսները», - նշել է Նարեկ Հովակիմյանը։
Նախարարի տեղակալը կարևորել է նաև «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի ներգրավվածությունը միջազգային մասնագիտական կառույցներում, մասնավորապես՝ որպես Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության (OIML) թղթակցային և Կշռի և չափի միջազգային բյուրոյի (BIPM) ասոցացված անդամ։