ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԵԱՀ արտաքին առևտրի և ներդրումների նախարար Հասան Ալ-Խատիբի հետ։
Կողմերը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև ներդրումային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Կարևորելով ներդրումների իրականացումը կրթության ոլորտում՝ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել Եգիպտոսում TUMO կենտրոնի ստեղծման հնարավորությունը։
Երկու երկրների վերաբերյալ փոխադարձ ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով երկուստեք կարևորվել է գործարար շրջանակների միջև B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը։
Մտքեր են փոխանակվել նաև դեղագործական արտադրության և զբոսաշրջության ոլորտներում գործակցության վերաբերյալ։
Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար և հրավիրել Հասան Ալ֊Խատիբին մասնակցելու 2026 թ. նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։