ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը մասնակցել է Երևանում անցկացված ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ սեմինարին։
Նախարարի տեղակալը «Տնտեսական մարտահրավերները և համագործակցությունը Հարավային Կովկասում» խորագրով քննարկման ընթացքում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տնտեսական անվտանգության և համագործակցության կարևորության վերաբերյալ։
«Հարավային Կովկասի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտները պայմանավորված են վերջին տասնամյակների խորացած հակամարտություններով։ Դրանք խորը ազդեցություն են թողել ոչ միայն տնտեսական աճի, այլև ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ընդհանուր տնտեսական անվտանգության ապահովման վրա։ Այս ամենը փաստում է մի պարզ, բայց առանցքային ճշմարտություն․ առանց խաղաղության հնարավոր չէ ապահովել տնտեսական զարգացում»,-նշել է նախարարի տեղակալը։
Անուշիկ Ավետյանն անդրադարձել է փոխադարձ վստահության և համագործակցության հիման վրա տարածաշրջանային նոր կապերի ստեղծման անհրաժեշտությանը՝ ընդգծելով Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության դերը․
«Այս նախաձեռնությունը միտված է ոչ միայն հաղորդակցությունների ապաշրջափակմանը, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար իրական տնտեսական անվտանգություն ձևավորելուն։ Հայաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել հանուն խաղաղության, տնտեսական կապերի ամրապնդման և առաջընթացի»,- ասել է նախարարի տեղակալը։
Համաժողովի շրջանակում քննարկվել են տարածաշրջանային համագործակցության խորացման ուղիները։